Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Սերբիայում

24 ապրիլի, 2015

Ապրիլի 24-ին Սերբիայի հայ համայնքը ՀՀ դեսպանության աջակցությամբ միջոցառում անցկացրեց Սուրբ Գաբրիել հրեշտակապետի եկեղեցու բակում զետեղված հայկական խաչքարի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության նահատակներին:

Մասնակիցները կրում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ հանդիսացող անմոռուկները և Ցեղասպանության տեսարաններ ներկայացնող նկարներ:

Միջոցառումը մեկնարկեց պատարագով: Ողջույնի խոսքով հանդես եկավ Սերբիայի հայկական միության նախագահ Սամվել Այվազյանը: Ելույթ ունեցան Ցեղասպանությունից հետո Սերբիայում հանգրվանած հայ ընտանիքների ժառանգորդները: Թամարա Գրիգորյան-Լուկովիչի կատարմամբ հնչեց «Ախ, Վասպուրական» երգը: Անժելա Երեմյան-Նեդելկովիչն ասմունքեց բանաստեղծություններ սերբ բանաստեղծ, թարգմանչուհի Լյուբիցա Միլետիչի «Արդի հայկական պոեզիա» անթոլոգիայից: Վերջինս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` հրատարակվել է Սերբիայի հայկական միության հովանավորությամբ Սերբիայի գրողների միության հրատարակչության «Փոքր գրադարան» մատենաշարով: 

Տպել էջը