Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Ֆրանսիայում

24 ապրիլի, 2015

Ապրիլի 24-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Ֆրանսիայի բարձրաստիճան ղեկավարության, Փարիզի քաղաքային իշխանությունների գլխավորությամբ և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ բազմաթիվ հիշատակի միջոցառումներով հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերին:

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, ֆրանսահայ կառույցների ղեկավար կազմի, Փարիզի և շրջակայքի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների և հարյուրավոր ֆրանսահայերի մասնակցությամբ Սուրբ Հովհաննես-Մկրտիչ Հայ Առաքելական եկեղեցում Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննեսյանի կողմից մատուցվեց պատարագ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետև Հայոց ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցվեց ՝ Փարիզի Հաղթանակի կամարի ներքո: Միջոցառման մասնակիցները, ռազմական նվագախմբի և դրոշակակիրների առաջնորդմամբ, քայլերթով Ելիսեյան դաշտեր պողոտայից ուղղվեցին դեպի քաղաքի պատմական խորհրդանիշ` Հաղթանակի կամար, որի ներքո ծաղկեպասակներ դրվեցին Հայաստանի, Ֆրանսիայի և Լեռնային Ղարաբաղի անունից, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների, Սենատորների, տարբեր քաղաքաների ղեկավարների, ինչպես նաև Ֆրասիայի հայկական կառույցների և ասորական, հունական, հրեական, քրդական համայնքների կողմից: Ծաղկեպսակների զետեղմանը հաջորդեց Հաղթական կամարի անմար կրակի բորբոքման արարողությունը` Ֆրանսիայում ՀՀ դեսպանության և Ֆրանսահայ նախկին ռազմիկների և դիմադրողականների միության կողմից:

Երեկոյան Փարիզի Երևանյան այգում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի պաշտոնական արարողությունը՝ Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի մասնակցությամբ: Վարչապետ Վալսը Ֆրանսիայի Հանրապետության անունից ծաղկեպսակ զետեղեց Կոմիտաս վարդապետի հուշարձանի առջև: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտության մասին ելույթներով հանդես եկան Ֆրանսիայի վարչապետը, Փարիզի քաղաքապետը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը:

Հարգանքի տուրքի պաշտոնական արարողությանը ներկա գտնվեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը, Ֆրանսիայի հիշատակի և նախկին ռազմիկների պետքարտուղար Ժան-Մարկ Տոդեսչինին, Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննեսյանը, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի ղեկավար Ալեքսի Գովցյանը, ֆրանսիացի բազմաթիվ մտավորականներ, քաղաքական և հասարակական գործիչներ, տասնյակ հազարավոր ֆրանսիացիներ և հայեր:

Պաշտոնական արարողությանը հաջորդեց ֆրանսահայերի պահանջատիրական երթը դեպի Թուրքիայի դեսպանություն:

Ապրիլի 24-ի պատմական օրվա միջոցառումներն ավարտվեցին Էյֆելյան աշտարակի մատույցներում, որտեղ Փարիզի ժամանակով ժամը 22:00-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին) Փարիզի քաղաքապետի գլխավորությամբ` դեսպան Չիտեչյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահները, Հարյուրամյակի հանձնախմբի ղեկավարը և Ֆրանսահայ կապույտ խաչի նախագահը միասին իրականացրին Էյֆելյան աշտարակի լույսերի մարումը` խորհրդանշելով Փարիզի սգո տուրքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Տպել էջը