Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Ղազախստանում

24 ապրիլի, 2015

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Ղազախստանի Ակտոբե (նախկին` Ակտյուբինսկ) քաղաքում Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը հայկական մշակութային կենտրոնի նախագահ Հայկ Տերտերյանի և համայնքային մի խումբ գործիչների հետ ծաղիկներ դրեց հայազգի պետական գործիչ Լևոն Միրզոյանի կիսանդրու մոտ, որը կանգնեցված է քաղաքի՝ նրա անունը կրող փողոցի հրապարակում: Դեսպան Սահակյանը նաև հանդիպում ունեցավ Ակտոբեի N13 միջնակարգ դպրոցի տնօրինության և աշակերտների հետ:

Այնուհետև դեսպանն այցելեց Ակտոբեի Սուրբ Նիկոլայի Մայր տաճար, որի բակում առաջիկայում տեղադրվելու է հայկական խաչքար:

Դեսպանը շրջեց մարզկենտրոնի Բարեկամության պալատի թանգարանում, այցելեց հայկական մշակութային կենտրոնի նորաբաց հասարակական ընդունարան, ելույթ ունեցավ համայնքային բազմամարդ հավաքում` պատասխանելով տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստան-Ղազախստան առևտրատնտեսական կապերի զարգացման գործում Ակտոբեի հայ գործարար շրջանակների հնարավորություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Դեսպանը նաև պատասխանեց տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Ապրիլի 24-ին Աստանայի ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Վերափոխման Մայր տաճարում Տեր Գրիգորի քահանա Կուլիկովը մատուցեց հոգեհանգստի կարգ` ի հիշատակ 1915թ. Օսմանյան կայսրությունում նահատակված 1.5 միլիոն հայերի: Տեր Գրիգորի քահանան իր քարոզում զորակցություն հայտնեց «եղբայր հայ ժողովրդի ջանքերին՝ մեկ դար առաջ տեղի ունեցած Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում»:

Հոգեհանգստի կարգին ներկա էին դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Նույն օրը Արվեստի ղազախական ազգային համալսարանի (Աստանա) դահլիճում տեղի ունեցավ Մարիաննա և Դմիտրի Օստանկովիչների հեղինակային համերգը: Համերգավար Տատյանա Խարլամովան բացման խոսքում ընդգծեց, որ համերգը նվիրվում է հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակին: Երգահան Մարիաննա Օստանկովիչի «Հայրենիքի արձագանքը» լարային համերգը նվիրված է իր հայ նախապապին, ով Հայոց ցեղասպանության զոհերից է: Օստանկովիչ ամուսինների գործերը հնչեցին Արվեստի համալսարանի նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սերիկ Սարլբաև) և անհատ երաժիշտների ու երգիչների կատարմամբ:

Համերգին ներկա էր նաև Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը:

Ապրիլի 24-ի երեկոյան Աստանայի Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու Սուրբ Աստվածածնի մայր տաճարում վանահայր, տեր Ռոլանդ Ժակենուդը հոգեհանգստի կարգ մատուցեց` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Իր խոսքում տեր Ռոլանդը շեշտեց, որ հայերին կոտորել են ոչ միայն ազգային, այլև քրիստոնեական պատկանելության համար: Ցեղասպանության զոհ են գնացել նաև քրիստոնյա ասորիներ ու հույներ, և, ցավոք, այսօր էլ Սիրիայում ու Իրաքում կրկին քրիստոնյաներ են կոտորվում:

Հոգեհանգստյան կարգին ներկա էին Ղազախստանի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք այնուհետև մասնակցեցին Ղազախստանում ՀՀ դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը: Դիմելով ներկաներին՝ դեսպան Սահակյանը միասնության կոչ արեց և նշեց. «Եթե մեկ դար առաջ 1.5 միլիոն մեր հայրենակիցներ զոհ դարձան Հայոց ցեղասպանությանը, ապա այսօր մենք ունենք մեր հույսի փարոսը՝ Հայաստանի անկախ Հանրապետությունը»:

Ելույթով հանդես եկավ նաև Ղազախստանում Լիբանանի դեսպան Վազգեն Գավլաքյանը: ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովը ելույթ ունեցավ հայերենով` խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կարևորությունից: 

Տպել էջը