Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումներն Իտալիայում
24 ապրիլի, 2015Ապրիլի 21-ին Իտալիայի Մոդենա քաղաքի «Altro Suono» փառատոնի շրջանակներում կայացավ Տիգրան Համասյանի և Յորդի Սավալլի համերգը, Միլանի քաղաքապետարանի «Alesi» սրահում տեղի ունեցավ գիտաժողով «Հայոց ցեղասպանությունը պատմության և հիշողության միջև» թեմայով, մեկ այլ գիտաժողով՝ «1915-2015. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը» խորագրով, կայացավ Նեապոլում: «Քրիստոնյա Հայաստանի մշակույթը» ցուցահանդես կազմակերպվեց Մարտինա Ֆրանկա քաղաքում, հիշատակի արարողություններ՝ Պադովայի քաղաքապետարանում և Բարիում, «Հիշատակի օր»՝ Տարանտո քաղաքում, թատերական բեմադրություններ՝ Վենետիկում և Լիմենայում, «Հրեական ձայներ Հայոց ցեղասպանության մասին» գրքի շնորհանդես Լիվորնոյում, պատարագներ Պադովայի «Tempio della Pace», Միլանի «Քառասուն մանկունք» եկեղեցիներում և Վենետիկի Սուրբ Ղազար կղզում:
Ապրիլի 23-ին Իտալիայի սենատը և պատգամավորների պալատը 1 րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Իտալական զանգվածային լրատվամիջոցները լայնորեն անդրադարձան Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, սենատոր Էմիլիա Գրացիա Դե Բիազիի` Սենատում ունեցած ելույթին` հատկապես մեջբերելով ժամանակին Տրապիզոնում Իտալիայի հյուպատոս Ջիակոմո Գորինիի «Հայ ազգի գրեթե երեք քառորդը Թուրքիայում ամենադաժան սպանդի ենթարկվեց» խոսքերը և Դե Բիազիի գնահատականը, որ «Հռոմի Պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը աշխարհը ցնցեց անտարբերությունից և խաղաղության ու ժողովուրդների համերաշխության մի նոր ճանապարհ բացեց»՝ դրանք դարձնելով լրատվական տեղեկությունների խորագրեր:
Զանգվածային լրատվամիջոցները Սենատի միջոցառման լուսաբանումից հետո լայնորեն մեկնաբանեցին նաև Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինիի` ապրիլի 23-ի նիստում ունեցած ելույթը` այն ամբողջովին մեջբերելով իրենց հրապարակումներում. «Այսօր այս դահլիճում մենք հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որը նշվում է ապրիլի 24-ին: Իտալիայի խորհրդարանն իրեն մոտ է համարում հայ ժողովրդին, ինչը կվերահաստատվի Երևանում «Մեծ չարիքի» 100-րդ տարելիցի հիշատակմանը խորհրդարանի երկու պալատների արտաքին հարցերի հանձնաժողովների ղեկավարների ներկայությամբ: Հենց անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդարանը, հղում կատարելով 1987թ. իր կողմից ընդունած բանաձևին, գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց մի բանաձև, որով հարգանքի տուրք մատուցեց հայ զոհերի հիշատակին և առաջարկեց Եվրոպայում սահմանել ցեղասպանությունների հիշատակի օր՝ ազգերի և ժողովուրդների խաղաղության և արժանապատվության իրավունքի կարևորման նպատակով: Ժողովուրդների մեջ համերաշխության ոգով և ի հիշատակ ողբերգական իրադարձությունների, որոնց զոհ գնացին ավելի քան 1.5 մլն անմեղ մարդիկ, հրավիրում եմ ստորին պալատին 1 րոպե լռության»:
Լռության րոպեից հետո ստորին պալատում ներկայացված կուսակցական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները հանդես եկան Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններով և իրենց համերաշխությունը հայտնեցին հայ ժողովրդին:
Սենատից և պատգամավորների պալատից 70-ից ավելի խորհրդարանականներ հանդես եկան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին առանձին հայտարարություններով կամ մամուլի հաղորդագրություններով:
Հռոմի քաղաքապետարանի և Իտալիայում ՀՀ դեսպանության համագործակցության արդյունքում, Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի որոշմամբ ապրիլի 24-ի երեկոյան 15 րոպեով մարեց Կոլիզեյի արտաքին լուսավորությունը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Ապրիլի 24-ին Հռոմի հայ համայնքային կառույցների կազմակերպմամբ տեղի ունեցավ «Հիշատակի քայլեր» խորագրով խաղաղության քայլերթ, որին մասնակցում էին հարյուրավոր իտալահայեր, իտալական կազմակերպությունների և Իտալիայում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Քայլերթի մասնակիցներն իրենց երթն ավարտեցին Հռոմի «Սուրբ Նիկողայոս» եկեղեցում, որտեղ տեղի ունեցավ Սուրբ պատարագ: Պատարագին ներկա էին իտալական հասարակական-քաղաքական, հոգևոր շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ապրիլի 24-ին Միլանի Մայր տաճարում մատուցվեց էկումենիկ պատարագ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Լոմբարդիայի արքեպիսկոպոս, կարդինալ Անջելո Սկոլայի, ով Եվրոպայի ամենամեծ կաթոլիկ թեմի առաջնորդն է, և Իտալիայի Հայ Առաքելական թեմի առաջնորդ, հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի ղեկավարությամբ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են կազմակերպել Հռոմի, Միլանի, Պադովայի, Վենետիկի, Բարիի, Նեապոլի և մի շարք այլ քաղաքների հայկական համայնքային կառույցները:
Բացի վերոնշյալից, Վենետիկի ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգ ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վենետիկի աշխարհահռչակ Լա ֆենիչե օպերային դահլիճում, որին ներկա էին նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը:
Ապրիլի 24-ին հատուկ հայտարարությամբ հանդես եկավ Իտալիայի հրեական համայնքը` հանձինս նախագահ Ռիկարդո Պաչիֆիչիի: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մեր ցավակցությունն ենք հայտնում պատմության ամենամութ էջերից մեկի համար: Հայոց ցեղասպանությունը, ցավոք, բախվեց մարդկային անտարբերության, ինչը նոր ցեղասպանություն իրագործելու ճանապարհ հարթեց մտքի բռնակալների համար: Ֆաշիստներն ու նացիստները կարողացան Հոլոքստն իրականացնել հայերի հանդեպ տեղ գտած անտարբերության պատճառով»:
Իտալական մամուլում հրապարակվեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ փաստագրական և վերլուծական հոդվածներ ու հարցազրույցներ, հեռարձակվել վավերագրական ու տեղեկատվական ֆիլմեր և հաղորդումներ: Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը հարցազրույցներ տվեց մեծ թվով իտալական պարբերականների: