Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Չեխիայում և Սլովակիայում

24 ապրիլի, 2015

Ապրիլի 22-ին Չեխիայի Յիհլավա քաղաքի «Դիոդ» կինոթատրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քննարկում: Բացման խոսքով ելույթ ունեցավ ձեռնարկի կազմակերպիչ, «Ուրարատու» հայ-չեխական մշակութային միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը, ով անդրադարձավ Հայոց ցեղասպանության պատմությանը` նշելով, որ Չեխիայի հայերը ևս ամեն տարի հիշում են և Թուրքիայից պահանջում, որպեսզի այն ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այնուհետև ներկաներին ողջունեց Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով հույս հայտնեց, որ ս/թ. ապրիլի 14-ին Չեխիայի պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից ընդունված` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին կհետևի նաև Չեխիայի ողջ խորհրդարանի կողմից նման որոշման ընդունումը։ Դեսպանը նշեց, որ Թուրքիայի իշխանությունների կողմից հնչած ցավակցությունը ժխտողականության քաղաքականության քողարկված շարունակությունն է:

Այնուհետև զեկույցներով հանդես եկան միջոցառման գլխավոր բանախոսներ, հայագետ Միլադա Կիլիանովան և ցեղասպանագետ Շիմոն Կրբեցը: Միլադա Կիլիանովան ներկայացրեց հայ ժողովրդի պատմությունը և Օսմանյան կայսրությունում հայերի վիճակն ու Հայոց ցեղասպանության իրականացման ժամանակացույցն ու աշխարհագրությունը, վիճակագրությունը, վկայություններն ու Ցեղասպանության փաստը հատատող աղբյուրները: Բանախոսը շեշտեց, որ 2000 տարի շարունակ հայերը պայքարել են զավթիչների դեմ և պահպանել իրենց կրոնը՝ լինելով առաջինը քրիստոնեությունը պետական կրոն ընդունած ժողովուրդ։

Պրահայի Կարլի համալսարանի բողոքական աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, «Չարիքի հնեաբանություն» ցեղասպանություների ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Շիմոն Կրբեցն անդրադարձավ «ցեղասպանություն» տերմինի ծագումնաբանությանը և Հայոց ցեղասպանության հետ առնչություններին։ Բանախոսը համեմատականներ անցկացրեց Հայոց և այլ ցեղասպանությունների միջև և փորձեց վերլուծել հայերի բնաջնջման պատճառները` մասնավորապես մատնանշելով նաև երիտթուրքերի գաղափարախոսության հոգեբանական ասպեկտները:

Այնուհետև միջոցառման մասնակիցները ծանոթացան լուսանկարչական ցուցահանդեսին և մեկնեցին Սուրբ Հոգու եկեղեցուն հարող պուրակ, ուր Չեխիայի առաջին խաչքարի մոտ ծաղկեպսակներ դրվեցին։ Չեխիայի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի և Յիհլավայի Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր, հայր Բոգդանի մասնակցությամբ տեղի ունեցավ էկումենիկ աղոթք։ Ձեռնարկին մասնակցեցին Յիհլավայի քաղաքապետ Ռուդոլֆ Խլոուպեկը և փողքաղաքապետ Յարոսլավ Վիմազալը։

Ապրիլի 24-ի առավոտյան դեսպան Սեյրանյանի և Չեխիայի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի գլխավորությամբ Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին Պրահայի հայկական խաչքարի և «Մուսա լեռան 40 օրը» վեպի հեղինակ Ֆրանց Վերֆելի տան մոտ:

Կեսօրից հետո Պրահայի Սուրբ Յեղյայի եկեղեցում Բարսեղ վարդապետ Փիլավչյանը և Հայկ սարկավագ Ութիջյանը մատուցեցին հոգեհանգստյան պատարագ: Դիմելով ներկաներին` Բարսեղ վարդապետ Փիլավչյանը կոչ արեց միասնաբար ոգեկոչել Հայոց ցեղասպանության նահատակներին, որոնք ապրիլի 23-ից այլևս դասվել են սրբերի շարքը։ Ելույթներով հանդես եկան դեսպան Սեյրանյանը և «Ուրարտու» հայ-չեխական միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը։

Այնուհետև միջոցառման հազարավոր մասնակիցներ քայլերթով Պրահայի կենտրոնից շարժվեցին դեպի նախագահական նստավայր՝ Պրահայի ամրոց։

Ապրիլի 24-ի երեկոյան Պրահայի ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Վիտի, Վենցեսլավի և Ադալբերտի մայր տաճարում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում, որը կազմակերպվել էր Չեխիայի կաթոլիկների առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկայի, Չեխիայի Հայ Առաքելական Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և Չեխիայում ՀՀ դեսպանության կողմից:

Միջոցառման բանախոս Ալեքսանդր Հեմալայի բացման խոսքից հետո Պրահայի Կարլի համալսարանի նվագախումբն ու երգչախումբը` դիրիժոր Հայկ Ութիջյանի գլխավորությամբ, կատարեցին ամերիկահայ հայտնի կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի «Մագնիֆիկատ» և «Ֆրա Անգելիկո» ստեղծագործությունները, այնուհետև «Զեյթունցիների քայլերգը»։

Այնուհետև չեխերենով ցուցադրվեց Արազ Արթինյանի` Հայոց ցեղասպանության 20 վերապրածների վկայությունների մասին ֆիլմը։

Ներկաներին դիմեցին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իրենց ցավակցությունները հայտնեցին կարդինալ Դոմինիկ Դուկան, պատգամավորների պալատի փոխխոսնակ Յան Բարտոշեկը։ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի ցավակցական ուղերձը ներկայացրեց նախագահի արարողակարգի ծառայության պետ Յինդրիխ Ֆորեյթը:

Եզրափակիչ խոսքով հանդես եկավ դեսպան Սեյրանյանը, ով բարձր գնահատեց չեխ հասարակական-քաղաքական գործիչների, օտարերկրյա դիվանագետների, այդ թվում՝ Չեխիայում Ֆրանսիայի դեսպան Ժան-Պիեր Ասվազադուրյանի ներկայությունը միջոցառմանը: Դեսպանը գոհունակություն հայտնեց դեռևս 2014թ. Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի` Հայոց ցեղասպանության մասին արված հայտարարության և Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի` ս/թ. ապրիլի 14-ի՝ Հայոց ցեղասպանության մասին ընդունած բանաձևի կապակցությամբ։ Տիգրան Սեյրանյանը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ Չեխիան կմիանա Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին: Դեսպանն ընդգծեց այն փաստը, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան է մեկնել Չեխիայի Սենատի նախագահի տեղակալ Զդենեկ Շկրոմախի գլխավորած պատվիրակությունը: Եզրափակելով իր ելույթը` դեսպան Սեյրանյանը հիացմունքի խոսքեր ուղղեց Չեխիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ակտիվորեն մասնակցող հայ համայնքի հասցեին:

Ապրիլի 23-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի քաղաքապետարանի հայելապատ դահլիճում տեղի ուենցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որը կազմակերպել էին հայ համայնքի ներկայացուցիչներ Վահրամ Ճուղուրյանը և Գուրգեն Հովսեփյանը։ Երեկոն դաշնամուրային կատարումով բացեց տաղանդավոր դաշնակահար Կարինե Սարգսյանը, որից հետո ցուցադրվեց հայ ժողովրդի պատմությանը վերաբերող տեսաֆիլմ։

Իր բացման խոսքից հետո Վահրամ Ճուղուրյանը խոսքը փոխանցեց դեսպան Սեյրանյանին։ Դեսպանը խոսեց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտողականության վտանգավոր քաղաքականության մասին և շնորհակալություն հայտնեց Սլովակիային ոչ միայն 2004թ. Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու, այլև եկրի քրեական օրենսգրքում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող հոդվածներ ներառելու համար։

Ողջույնի խոսքով հանդես եկան Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակ Յան Ֆիգելը, ինչպես նաև Շտեֆան Հարաբինը, Ֆրանտիշեկ Միկլոշկոն, Բանսկա Բիստրիցայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Յան Կոպերը։ Սլովակ գործիչներն իրենց համերաշխությունը հայտնեցին հայ ժողովրդին և ընդգծեցին Սլովակիայի կողմից Ցեղասպանության ճանաչման կարևորությունը։

Երեկոյի ընթացքում ելույթներ ունեցան դաշնակահար, երգչուհի Կարինե Սարգսյանը, օպերային երգիչ Գուրգեն Հովսեփյանը, երգչուհի Սևան Հովսեփյանը, դուդուկահար Արտյոմ Մարտիրոսյանը, ինչպես նաև Գուրգեն Հովսեփյանի սլովակ սաները, ով հայերենով կատարեցին «Հայաստան» երգը։

Միջոցառմանը ներկա էր նաև Սլովակիայի փոխվարչապետ Լյուբոմիր Վաժնին, պաշտոնատար անձինք, քաղաքացիական հասարակության և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրած բոլոր միոցառումները լայնորեն լուսաբանվեցին Չեխիայի և Սլովակիայի առաջատար լրատվամիջոցների կողմից: 

Տպել էջը