Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Բելգիայում

24 ապրիլի, 2015

Ապրիլի 24-ին Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի Բենելյուքսի փոխանորդ, Հոգեշնորհ Տեր Զատիկ Վարդապետ Ավետիքյանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցվեց հիշատակի սուրբ պատարագ, որին ներկա էին Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Բրյուսելում գործող ՀՀ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, բելգիահայ համայնքի անդամներ:

Պատարագի մասնակիցներն այնուհետև քայլերթ կատարեցին դեպի Բրյուսելի Հենրի Միշոյի անվան հրապարակ, որտեղ տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիված խաչքար-հուշարկոթողը: Տեղի ունեցավ հիշատակի միջոցառում, որին ներկա էին Բելգիայի Սենատի նախագահ, տիկին Քրիսթին Դեֆրեյնը, Բելգիայի կառավարության և խորհրդարանի անդամներ, քաղաքային և շրջանային իշխանությունների ղեկարվաներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ, Բրյուսելում գործող դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Իր ելույթում տիկին Դեֆրեյնը նշեց, որ նույն օրը Բելգիայի խորհրդարանականները Բելգիայի Սենատի և Ներկայացուցիչների պալատի ընդլայնված նիստի ընթացքում մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ դեսպան Մարգարյանը, ով, ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, իր խոսքում մասնավորապես շեշտեց, որ «վերջին շաբաթների զարգացումները ցույց տվեցին, որ թուրքական ժխտողականությունը չունի ոչ միայն ապագա, այլև նույնիսկ ներկա»:
***

Ապրիլի 22-ին Բրյուսելի Լակամբր աբբայության եկեղեցու սրահում կայացել է հայտնի հայ կոմպոզիտոր և դաշնակահար Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի ընթացքում ներկայացվել են «Լույս ի Լույսոյ» խորագիրը կրող հոգևոր երաժշտության կատարումները` Կոմիտասի, Շնորհալու, Նարեկացու, Մաշտոցի ստեղծագործությունների նոր մեկնաբանությամբ:

Համերգին, որը մեծ հաջողություն է ունեցել, ներկա են եղել Բելգիայի պետական հաստատությունների պաշտոնյաներ, Եվրոպական Միության կառույցների ներկայացուցիչներ և դիվանագետներ, տեղի հայ համայնքային կառույցների, Բելգիայի հասարակության լայն շրջանների և մամուլի ավելի քան 500 ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին` Բելգիայի «Հայ տուն» հայկական մշակութային կենտրոնի ղեկավար Անդրե Գումուշյանը ներկայացրել է Տիգրան Համասյան երաժշտին և նրա ստեղծագործությունը: Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի իր խոսքում Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանի ժամանակակից մշակույթը աշխարհին ներկայացնելով մենք վերահաստատում ենք մեր հզոր մշակութային ավանդույթը, հայտնում մեր երախտագիտությունը մեր բարեկամներին, որոնք օգնել են վերապրելու ցեղասպանության անմարդկային փորձությունը:

Դեսպանը բարձր է գնահատել Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի արվեստը և նվիրվածությունը` շնորհակալություն հայտնել «Հայ տան» ղեկավար Անդրե Գումուշյանին և Բեգիայի «Ֆլաժե» մշակութային կենտրոնին միջոցառման հիանալի կազմակերպման համար:

Տպել էջը