Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Բաթումում

24 ապրիլի, 2015

Ապրիլի 23-ի երեկոյան բազում բաթումահայեր հավաքվեցին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում և մեծ էկրանի վրա միասին դիտեցին Էջմիածնում անցկացված` Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն նահատակների սրբադասման արարողությունը, որի ավարտին եկեղեցու զանգերը 100 անգամ ղողանջեցին: Եկեղեցու բակում զետեղված էին Հայոց ցեղասպանության տարբեր դրվագներ պատկերող մեծ լուսանկարներ` երկլեզու բացատրագրերով:

Ապրիլի 24-ին աջարահայոց հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանի կողմից անցկացվեց պատարագ, որից հետո բազմաթիվ բաթումահայեր հավաքվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված, ս/թ. ապրիլի 12-ին Բաթումում կանգնեցված խաչքարի մոտ: Իր խոսքում Արարատ քահանա Գումբալյանն անդրադարձավ 1.5 միլիոն նահատակների սրբադասման խորհրդին` ընդգծելով, որ հետայսու մենք պետք է խոնարհվենք ոչ թե նահատակների, այլ սրբերի հիշատակի առջև:

Այնուհետև ելույթով հանդես եկավ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, ով, խոսելով այս օրերին Հայաստանում և աշխարհի հայաշատ բոլոր երկրներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությունների մասին, կարևորեց ապրիլի 23-ին Սուրբ Էջմիածնում անցկացված սրբադասման, ինչպես նաև Ծիծեռնակաբերդում կայացած հիշատակի արարողությունները` նշելով, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունն առնչվել է Բաթումում բնակվող բոլոր հայ ընտանիքներին, որոնք ապաստան են գտել եղբայրական Վրաստանում: Արամ Գրիգորյանը կանգ առել Թուրքիայի ժխտողականության քաղաքականության վրա` ընդգծելով դրա անհեռանկարությունը, և համոզմունք հայտնեց, որ տարբեր երկրների խորհրդարանների կողմից շարունակվելու է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: 

Տպել էջը