Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումներն Ավստրիայում
24 ապրիլի, 2015Ապրիլի 22-ի երեկոյան ավստրիական հանրային հեռուստատեսությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկում, որին հրավիրված էին նաև Ավստրիայում Հայաստանի և Թուրքիայի դեսպանները: Սակայն Ավստրիայում Թուրքիայի դեսպան Հասան Գյոգուշը չներկայացավ քննարկմանը: Հաղորդմանը մասնակցեցին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Ավստրիայի խորհրդարանի երրորդ նախագահ Նորբերտ Հոֆերը, Ավստրիայի թուրքական համայնքային կառույցի ղեկավարը, ավստրիացի, թուրք և գերմանացի պատմագետներ: Ցուցադրվեց գերմանական «Աղետ» փաստավավերագրական ֆիլմը:
Նույն օրը երեկոյան` ժամը 19:15-ին, մեկնարկեց Հայ Դատի Ավստրիայի մասնաճյուղի կազմակերպած բազմահազարանոց քայլարշավը, որը սկսեց Կարլոս 9-րդի եկեղեցուց, կանգ առավ Վիեննայի օպերային թատրոնի առջև, ապա Վիեննայի կենտրոնական օղակաձև պողոտայով՝ Հոֆբուրգի մոտով շարունակվեց մինչև Ավստրիայի խորհրդարան: Քայլարշավին, որն ուղեկցվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տաևելիցը խորհրդանշող պաստառներով, հայկական դրոշներով և խորհրդանիշերով, մասնակցում էին Ավստրիայում գործող բոլոր հայկական միությունները, ինչպես նաև քրդական, թուրքական, ասորական, հունական կազմակերպությունների մեծաքանակ ներկայացուցիչներ: Խորհրդարանի առջև ելույթներով հանդես եկան թվարկված կազմակերպությունների ներկայացուցիչները՝ դատապարտելով Ցեղասպանության երևույթը, Թուրքիայից պահանջելով ճանաչել եղելությունը և երախտագիտություն հայտնելով Ավստրիայի խորհրդարանին՝ ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կապակցությամբ:
Ապրիլ 21-ից 26-ը Վիեննայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք մշակութային իրադարձություններ.
- Բեռլինի գրական ընկերության և Պոտսդամի Յոհաննես Լեփսիուսի թանգարան-ինստիտուտի նախաձեռնած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Համաշխարհային ընթերցումների» շրջանակում Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից «Հայաստան» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Կոնրադ Կունի` Եղիշե Չարենցի ստեղծագործությունների վերահրատարակված գերմաներեն հատորի շնորհանդեսը»:
- Ապրիլ ամսվա ընթացքում Ավստրիայի դաշնային երկրամասերի ութ քաղաքներում տեղի ունեցավ ավստրիաբնակ հայ երաժիշտ Կարեն Ասատրյանի ղեկավարած «Armenian Spirit» համույթի համերգաշարը:
- Ապրիլի 23-ից 25-ը Վիեննայի «PORGY & BESS» համերգասրահում Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպվեց հայկական երաժշտական եռօրյա փառատոն «Հայաստանյան արձագանքներ» խորագրով, որի ընթացքում երեք օր շարունակ հնչում էր հայկական երաժշտություն, ցուցադրվեցին գեղարվեստական ֆիլմեր, եղան գրական ընթերցումներ, գեղանկարչական ցուցահանդեսներ, ներկայացված էր հայկական խոհանոցը:
- Ապրիլի 23-ին տեղի ունեցավ հայաստանյան «Time report» համույթի համերգը:
- Ցուցադրվեց Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզը» ֆիլմը՝ Վիգ Ցարտմանի կինոերաժշտությամբ:
- Ապրիլի 24-ին ներկայացվեց Կարեն Ասատրյանի «Աղոթքի անիվ» պատարագը՝ երգչախմբի և ջազ քառյակի համար:
- Ապրիլի 25-ին տեղի ունեցավ Կարեն Ասատրյանի ղեկավարած «Armenian Spirit համույթի համերգը»:
Ապրիլի 24-ին Վիեննայի Սուրբ Ստեփանի Մայր տաճարում տեղի ունեցավ էկումենիկ եկեղեցական արարողություն՝ նախագահությամբ Հռոմի Սուրբ կաթոլիկ եկեղեցու Վիեննայի կարդինալ Քրիստոֆ Շյոնբորնի, Ավստրիայում գործող հունական, ասորական և ղպտիական քրիստոնեական եկեղեցիների, պապական նվիրակ, Ավստրիայի դիվանագիտական կորպուսի դուայեն, արքեպիսկոպոս Պետեր Ցուրբրիգգենի մասնակցությամբ: Համակարգողն էր Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը` համագործակցությամբ Ավստրիայում ՀՀ դեսպանության, Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի վարչության: Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի հասարակական-քաղաքական, եկեղեցական շրջանակների ներկայացուցիչներ, Ավստրիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հազարավոր ավստրիացիներ:
Սուրբ պատարագի ավարտից հետո Հռոմի Սուրբ կաթոլիկ եկեղեցու Վիեննայի կարդինալ Քրիստոֆ Շյոնբորնի նստավայրում Ավստրիայում ՀՀ դեսպանության կողմից տրվեց ընդունելություն՝ Ավստրիայի հասարակական-քաղաքական, եկեղեցական շրջանակների, Ավստրիայում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ:
Ապրիլի 26-ին Վիեննայի Մխիթարյան միաբանությունում տեղի ունեցավ Հայաստանի Նորադուս բնակավայրից բերված խաչքար-հուշարձանի և միաբանության բակում գտնվող վերանորոգված մատուռ-աղոթավայրի օրհնությունը, որին հաջորդեց 24 նորատունկ ծառերի անվանակոչումը պատմական Հայաստանի նահանգների և քաղաքների անուններով, այնուհետև տեղի ունեցավ թանգարանի վերանորոգված մասնաբաժնի բացումը՝ հայկական գորգերի, տարազների, յուղանկարների և մետաղագործական իրերի ցուցադրությամբ: Միջոցառմանը ներկաներին ուղղված ելույթներով հանդես եկան Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը և Ավստրիայի արդարադատության նախարար Վոլֆգանգ Բրանդշտետտերը: