Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումներն Արգենտինայում և Ուրուգվայում
24 ապրիլի, 2015Բուենոս Այրեսում մեկնարկել է երկրի խոշորագույն միջոցառումներից մեկը՝ Գրքի միջազգային 41-րդ տոնավաճառը, որտեղ առանձին տաղավար է հատկացված Հայաստանին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Տոնավաճառի մուտքի մոտ, ինչպես նաև Հայաստանի տաղավարում զետեղված էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մանրակերտները:
Ապրիլի 25-ին Գրքի միջազգային տոնավաճառում հանդիսավորությամբ բացվեց Հայաստանի տաղավարը: Միջոցառմանը ներկա էին Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, Արգենտինայի քաղաքական, դիվանագիտական, մշակութային, գիտա-ակադեմիական շրջանակների, հոգևոր դասի ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող «Հարյուր ձայն» երգչախումբը, «Մասիս», «Նարեկ», «Նաիրի», «Գայանե» պարային համույթները, արգենտինացի նշանավոր դերասաններ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ անցկացվեցին նաև Արգենտինայի տարբեր նահանգներում և քաղաքներում: Սանտա Ֆե նահանգի Ռոսարիո քաղաքում տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն, որին ներկա էին դաշնային պատգամավորներ և սենատորներ, նահանգի կառավարության անդամներ, Ռոսարիոյի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները: Իր ելույթում Ռոսարիոյի քաղաքապետ, տիկին Ֆեյնը, կիսելով հայ ժողովրդի ցավն ու վիշտը, նշեց, որ Արգենտինան և մասնավորապես Ռոսարիո քաղաքը գրկաբաց են ընդունել Ցեղասպանությունից մազապուրծ հայերին, ովքեր դարձել են երկրի բարեխիղճ և արժանի քաղաքացիները: Նա տեղեկացրեց նաև, որ ստորագրել է որոշում, որով հողատարածք է հատկացվում Ռոսարիո քաղաքում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող Անմոռուկի հուշարձան կառուցելու համար:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում բողոքի բազամահազարանոց երթ իրականացվեց Արգենտինայի Կորդոբա քաղաքում: Հիշատակի միջոցառումները ոգեկոչվեցին նաև Արգենտինայի Հրո երկիր նահանգում, որի մայրաքաղաք Ռիո Գրանդեի քաղաքային խորհրդի կողմից կազմակերպվեց միջոցառում և ընդունվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն:
Ուրուգվայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները մեկնարկեցին ապրիլի 23-ին՝ Մոնտեվիդոյում դեպի Անկախության հրապարակ կազմակերպված բողոքի երթով, որին մասնակցում էին Մոնտեվիդեոյի քաղաքապետ Անա Օլիվեյրան, նախարարներ, պատգամավորներ, սենատորներ, քաղաքական կուսակցությունների, հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Ապրիլի 24-ին Ուրուգվայի խորհրդարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա էին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Տաբարե Վասկեսը, երկրի փոխնախագահ, Գլխավոր վեհաժողովի նախագահ Ռաուլ Սենդիկը, Ներկայացուցիչների պալատի նախագահ Ալեխանդրո Սանչեսը, Մոնտեվիդեոյի արքեպիսկոպոս Դանիել Ստուռլան, Ուրուգվայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, նախարարներ, պատգամավորներ, քաղաքական կուսակցությունների, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցեցին Ուրուգվայի չորս նախկին նախագահները՝ Խոսե Մուխիկան, Խորխե Բատլեն, Խուլիո Մարիա Սանգինետին և Լուիս Ալբերտո Լակաժեն: Միջոցառմանը ներկա էին նաև 1965թ. Ուրուգվայի խորհրդարանի պատգամավորներ Կառլոս Խուլիո Պերեյրան և Ուրուգվայ Տուռնեն, ովքեր մասնակցել էին Ուրուգվայի կողմից 1965թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող օրենքի ընդունմանը:
Իր ելույթում Ուրուգվայի փոխնախագահ Ռաուլ Սենդիկը, խստորեն դատապարտելով Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, նշեց, որ «Հայոց ցեղասպանությունը մարդկության ոչնչացմանն ուղղված ամենասարսափելի և զարհուրելի արարքն է»: Իր ելույթը Ռաուլ Սենդիկը եզրափակեց հայ ականավոր գրող Ավետիք Իսահակյանի խոսքերով. «Հայ ծնվելը դժբախտություն է, հայ մնալը՝ հերոսություն»:
Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում ունեցած իրենց նշանակալի ավանդի համար Ուրուգվայի նախկին նախագահներ Խոսե Մուխիկային, Խորխե Բատլեին, Խուլիո Մարիա Սանգինետիին և Լուիս Ալբերտո Լակաժեին, ինչպես նաև խորհրդարանի նախկին պատգամավորներ Կառլոս Խուլիո Պերեյրային և Ուրուգվայ Տուռնեին հայ համայնքի կողմից, ի նշան երախտագիտության, հանձնվեցին հուշատախտակներ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեցին Արգենտինայի և Ուրուգվայի հեռուստատեսությամբ, լայնորեն լուսաբանվեցին մամուլում, տպագրվեցին հարյուրից ավելի հոդվածներ և վերլուծություններ: