Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Շվեդիայում
24 ապրիլի, 2015Ապրիլի 21-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում տեղի ունեցավ «Մոռացված Ցեղասպանություն 1915-1918» խորագրով սեմինար՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սեմինարին ներկա էին խորհրդարանականներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, կրոնական և հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ և ասորի համայնքների ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես եկավ Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը՝ անդրադառնալով Ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությանը՝ պատմության դասերը չկրկնելու, ապագա ցեղասպանությունները կանխարգելելու և բռնությամբ քաղաքական խնդիրները լուծելու մտածելակերպի դեմ պայքարելու առումով։ «Նման մտածելակերպի դեմ պայքարը թույլ կտա մեր տարածաշրջանում հասնել իրական հաշտեցման, ինչի համար անհրաժեշտ է հրաժարվել ժխտողականության քաղաքականությունից», ասվում էր դեսպանի խոսքում։
Սեմինարի մասնակիցներին ողջույնով դիմեցին նաեւ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունից Ռիկսդագի պատգամավոր Ռոբերտ Հալեֆը և Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի փոխխոսնակ, հույն պատգամավոր Իոաննիս Ամանատիդիսը։
Բանախոսներ, միջազգային իրավունքի պրոֆեսոր Օվե Բրինգը եւ պատմաբան Դեւիդ Գաունտը խոսեցին Ցեղասպանության պատմության, դրդապատճառների, քաղաքական և իրավական հետևանքների վերաբերյալ: Լրագրող Մարի Ստարկը ներկայացրեց թուրքական հասարակության մեջ դեպի խնդրի ճանաչումը նկատվող տեղաշարժը։ Սեմինարի ավարտին լսարանին հնարավորություն ընձեռնվեց հարցեր ուղղելու բանախոսներին։
Համերգային կատարմամբ հանդես եկավ շվեդահայ թավջութակահար Ջորջ Հայրապետյանը:
Ապրիլի 24-ին Ստոկհոլմի Ստուրշիրկա մայր տաճարում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված էկումենիկ հիշատակի արարողություն:
Արարողությանը մասնակցեցին Շվեդիայի քրիստոնեական բոլոր հարանվանու-թյունների առաջնորդները, կառավարության անդամներ, պատգամավորներ, Ստոկհոլ¬մում հավատարմագրված դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Շվեդիայի վարչապետին էր ներկայաց¬նում էներգետիկայի նախարար Իբրահիմ Բայլանը։
Շվեդիայում Հայ Առաքելական և Հայ Կաթողիկե եկեղեցիների հովիվները մատուցեցին պատարագ, որին հաջորդեց էկումենիկ հոգեհանգստյան կարգը։
Շվեդական եկեղեցու առաջնորդ, Ուպսալայի արքեպիսկոպոս Անտյե Յակելենը ընթերցեց աստվածաշնչյան հատվածներ, որին հաջորդեցին սաղմոսերգություն և ծիսական աղոթքների և քարոզների ընթերցում Շվեդիայում հույն ուղղափառ եկեղեցու, ասորական ուղղափառ եկեղեցու, կաթողիկե համայնքի, էկումենիկ եկեղեցու առաջնորդների կողմից: Շվեդիայի քրիստոնեական խորհրդի գլխավոր քարտուղար Կարին Վիբորնը և Ստոկհոլմի եպիսկոպոս Էվա Բրուննեն ներկայացրեցին Հայոց ցեղասպանության պատմությունը և շվեդ միսիոներ Ալմա Յոհանսոնի մարդասիրական գործունեությունը։
Արարողությունը բացվեց և եզրափակվեց հայկական դուդուկի կատարումներով, հնչեց նաև շվեդ հոգեւոր երաժշտություն՝ Գունիլլա Բիրկեդալ Լինդբերգի և Էվա-Մարիա Մունքի կատարմամբ։
Ապրիլի 24-ին Սերգելս Թորյե հրապարակում ասորական և հունական համայնքների մասնակցությամբ տեղի ունեցավ ընդարձակ հանրահավաք:
Հանրահավաքին ելույթով հանդես եկան Շվեդիայի Ձախ կուսակցության առաջնորդ Յունաս Սյոստեդտը, Լիբերալ կուսակցության արտաքին քաղաքականության գծով խոսնակ Բիրգիտա Օհլսոնը, Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության արտաքին քաղաքականության գծով խոսնակ Սոֆիա Դամմը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանական Մաթիաս Տեգները, Շվեդական ՓԵՆ կազմակերպության նախագահ Օլա Լարսմոն, Շվեդիայում հայկական, ասորական եւ հունական համայնքների ներկայացուցիչներ։