Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայում
24 ապրիլի, 2015Ապրիլի 24-ին Վիլնյուսի Մայր Տաճարում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սուրբ Պատարագ, որը մատուցեցին Լիտվայի Արքեպիսկոպոս Ն.Գ. Գերաշնորհ Գինտառաս Գռուշասը և Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ն.Գ. Գերաշնորհ Պեդրո Լոպես Կինտանան:
Արարողությանը հատուկ հրավիրյալի կարգավիճակով ներկա էր նաև Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Ահարոն Վարդապետ Շահվերդյանը:
Պատարագը ուղեկցվեց հայ հոգևոր երաժշտությամբ, որը կատարեց Հայաստանից ժամանած «Հովեր» երգչախումբը:
Պատարագին ներկա էին անկախ Լիտվայի առաջին ղեկավար Վիտաուտաս Լանդսբերգիսը, Լիտվայի Սեյմասի, կառավարության, Լիտվայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, կրոնական հարանվանությունների, «Սայուդիսի», ազգային փոքրամասնությունների, հասարակական, մտավորական և լրագրական, ինչպես նաև Լիտվայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Երեկոյան Մայր Տաճարի առջև հայ համայնքի երիտասարդությունը կազմակերպեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող 1000 մոմերից կազմած Անմոռուկի մոմավառություն:
***
Ապրիլի 23-ին Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի անդամները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ, որով իրենց ցավակցությունն են հայտնում հայ ժողովրդին և կոչով դիմում են Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և այդ կերպ ճանապարհ հարթել հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտության համար: