Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Իրանում
24 ապրիլի, 2015Ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կենտրոնական հանձնաժողովի և իրանական «Բոխարա» պարբերականի խմբագրության հետ համագործակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի շրջանակներում տեղի ունեցավ հայոց պատմությանը նվիրված ֆիլմի ցուցադրություն, զեկույց՝ նվիրված հայ դասական և ժամանակակից գրականությանը, ինչպես նաև ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի Հայոց ցեղասպանության թեմայով գրված «Շշուկների մատյան» գրքի ներկայացում իրանական ընթերցողին:
Միջոցառման սկզբում ելույթ ունեցավ ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: Նա խոսեց Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանության քաղաքականության, հայ ժողովրդի կրած տառապանքների ու կորուստների, ինչպես նաև հայ-իրանական մշակութային կապերի, երկու երկրների մտավորական հատվածների փոխգործակցության խորացման անհրաժեշտության մասին:
Հայ գրականության անցած ճանապարհի ընդարձակ և հանգամանալից զեկուցումով հանդես եկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կենտրոնական հանձնաժողովի փոխատենապետ Վարուժ Սուրենյանը՝ առանձնահատուկ տեղ հատկացնելով ցեղասպանության հետևանքով նահատակված հայ գրականության երևելի ներկայացուցիչների կյանքին և ստեղծագործությանը:
«Շշուկների մատյան» գրքի պարսկերենի թարգմանիչ Գ. Սարգսյանը իրանական լսարանին ներկայացրեց գրքի բովանդակությունը, գեղարվեստական արժեքը առանձին տեղ հատկացնելով ցեղասպանության խնդիրներին:
Վերջում ամփոփիչ ելույթով և շնորհակալական խոսքով հանդես եկավ «Բոխարա»պարբերականի գլխավոր խմբագիր Ա. Դեհբաշին:
Ապրիլի 23-ին Թեհրանի Հայոց Թեմն Իրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու տարածքում կազմակերպեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էին թեհրանահայ համայնքը, Իրանի Մեջլիսի պատգամավորներ և այլ պաշտոնյաներ, Թեհրանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Միջոցառման ընթացքում ուղիղ եթերով հեռարձակվեց Էջմիածնում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը:
Ելույթով հանդես եկան Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, Իրանի Մեջլիսի պատգամավոր Յոնաթան Բեթ Քոլիան և Թեհրանի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Մակար եպիսկոպոս Աշքարյանը:
Դեսպան Թումանյանն իր ելույթում նշեց Իրանի ջերմ վերաբերմունքը Հայաստանի և հայ համայնքի նկատմամբ և շնորհակալություն հայտնեց իրանցի ժողովրդին՝ Ցեղասպանությունից մազապուրծ հայերին հոգատար կերպով ընդունելու համար:
Միջոցառման ավարտին իրանցի պատգամավորների, օտարերկրյա դեսպանների և ժողովրդի մասնակցությամբ տեղի ունեցավ ծաղկեմատույցի արարողություն՝ ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի:
Ապրիլի 24-ին Իրանում ՀՀ դեսպանության մասնակցությամբ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանի կողմից մատուցվեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հոգեհանգստի պատարագ:
Նույն օրը Թեհրանի Հայ մշակութային Արարատ միությունում տեղի ունեցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մշակութային միջոցառում: Միջոցառման ընթացքում հնչեցին երաժշտական կատարումներ:
Զեկույցով հանդես եկավ Իրանի Մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը:
Միջոցառմանը ելույթ ունեցան դեսպան Թումանյանը, Իրանի Մեջլիսի հայ, ասորի և հրեա պատգամավորները, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանը: Դեսպան Թումանյանը խոսեց միջազգային և տարածաշրջանային քաղաքական հարաբերություններում Հայաստանի դիրքերի ամրապնդման, տնտեսական զարգացման նոր հեռանկարների, Հայաստան-Իրան հարաբերությունների արդյունավետության բարձրացման, Հայաստան-Սփյուռք համագործակցության բարձր մակարդակի և մի շարք այլ հարցերի մասին:
Ապրիլի 25-ին Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու տարածքում իրանահայ համայնքի մի շարք միությունների կողմից կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում:
Միջոցառումը հագեցած էր բանախոսությամբ և գեղարվեստական կատարումներով: Ելույթներով հանդես եկան Ալիք հաստատության ներկայացուցիչ Հենրիկ Խալոյանը և Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանը: Բանախոսներն անդրադարձան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին և այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերին: