Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Կանադայում
24 ապրիլի, 2015Կանադայում ոգեկոչման արարողությունները մեկնարկեցին ապրիլի 19-ին Տորոնտո քաղաքում: Օնտարիոյի նահանգային խորհրդարանում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին Կանադայի պաշտպանության և բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննին, Օնտարիոյի վարչապետ Քեթլին Վիննը, Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորին, բազմաթիվ դաշնային և նահանգային պաշտոնյաներ: Միջոցառումը խորհրդարանի հանդիսությունների սրահից տեղափոխվեց խորհրդարանի դիմաց, որտեղ ելույթներով հանդես եկան պատվավոր հյուրերը:
Իր ելույթում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը և խոսաց ցեղասպանությունների կանխարգելման հրամայականի մասին: Նշելով, որ Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի ինքնության մասն է` դեսպանը շեշտեց, որ 100-րդ տարելիցը նոր սկիզբ է և զորեղ հայ ազգի, հայ պետականության հիմք:
Միջոցառման մասնակից շուրջ 5.000 անձինք այնուհետև իրականացրեցին Միասնության քայլերթ` որպես կոչ միջազգային հանրությանը` կանխելու մարդկության դեմ դժգնագույն հանցագործությունը` ցեղասպանություն ոճիրը:
Նույն օրը Տորոնտոյի կենտրոնական Մետրոպոլիտեն Յունայթեդ եկեղեցում մատուցվեց միջհարանվանական պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Էկումենիկ պատարագին մասնակցեցին քույր քրիստոնեական հարանվանությունների տասնյակ ներկայացուցիչներ, իսկ պատարագն ինքնին վարեց Տորոնտոյի կաթոլիկ համայնքի առաջնորդ, արքեպիսկոպոս Թոմաս կարդինալ Քոլլինսը:
Ապրիլի 20-ին էկումենիկ պատարագ մատուցվեց նաև Մոնրեալում` Սուրբ Ժոզեֆ բազիլիկայում` Մոնրեալի կաթոլիկ արքեպիսկոպոս Քրիստիան Լեպինի գլխավորությամբ:
Երկու քաղաքներում տեղի ունեցած էկումենիկ պատարագներին ներկա գտնվեցին Կանադայում ՀՀ դեսպանության, Կանադայի դաշնային, նահանգային ու մունիցիպալ մարմինների, հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչները: Էկումենիկ պատարագներին ներկաների թիվն անցնում էր երկու հազարը:
Ապրիլի 22-ին Տորոնտո քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ Կանադայում ոգեկոչող խոշորագույն մշակութային միջոցառումը: Հայազգի հանրահայտ դիրիժոր Պիտեր Ունջյանի ղեկավարած Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի «Արարատ. Հայաստանի երաժշտություն» խորագրով համերգին որպես մենակատարներ հանդես եկան աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն ու սոպրանո Իզաբել Բայրակդարեանը: Հնչեցին Արամ Խաչատրյանի, Կոմիտասի ստեղծագործությունները, կատարվեց Ատոմ Էգոյանի «Արարատ» գեղարվեստական ֆիլմի երաժշտությունը: Հյուրերի թվում էին ինչպես դեսպանության անձնակազմն ու հայ համայնքի ստվար զանգվածը, այնպես և Տորոնտոյի տեղական մարմինների ներկայացուցիչներ, Կանադայի խղճի ազատության գրասենյակի տնօրեն, դեսպան Էնդրյու Բեննետտը:
Ապրիլի 23-ին Օտտավայում հայ երիտասարդական միությունների կողմից կազմակերպվեց մոմավառություն, որին նախորդեցին Կանադայի մարդու իրավունքների հուշարձանի մոտ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի, Օտտավայի րաբիի, Հոլոքոստի վերապրողի, ասորական, ռուանդական համայնքների ներկայացուցիչների ելույթները:
Որպես իրականացված միջոցառումների գագաթնակետ` ապրիլի 24-ին Օտտավայում գտնվեց շուրջ 8.000 անձ` մասնակցելու կանադական խորհրդարանի դիմաց Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը: Հյուրերի թվում էին Կանադայի պաշտպանության նախարար Ջեյսոն Քեննին, խորհրդարանական բոլոր 4 կուսակցությունների ներկայացուցիչները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ասորական, քրդական, դերսիմցի, հունական, քրդական, եզդիական և այլ համայնքների անդամներ:
Հանդես գալով ուղերձով` դեսպան Եգանյանն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության զոհերն այսուհետ սրբերի դասին են պատկանում, անդրադարձավ Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի ոգեկոչմանը Երևանում և, շեշտելով, որ հայ ազգը մեծաքանակ տառապանքներ է կրել անցյալում, հայտնեց, որ անցյալը չմոռանալով հանդերձ հայ ազգը հպարտությամբ հայացքն ուղղում է դեպի նորանոր ձեռքբերումներով լի ապագա:
Ապրիլ 24-յան ոգեկոչումները ավարտվեցին կանադական մայրաքաղաքում մշակութային ծրագրով:
***
Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման օրը, Կանադայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատն ընդունեց M-587 բանաձևը` վերնագրված Ցեղասպանության ճանաչում:
Բանաձևը, ներկայացված Կանադայի իշխող պահպանողական կուսակցության կողմից, վերահաստատում է Հայոց ցեղասպանության և այլ ցեղասպանությունների ճանաչումը, նշանակում է ապրիլի 24-ը` որպես Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր, իսկ ապրիլ ամիսը` ցեղասպանությունների հիշողության, դատապարտման և կանխարգելման ամիս:
Ունենալով խորհրդարանի բոլոր կուսակցությունների աջակցությունը` M-587 բանաձևն ընդունվեց միաձայն: