Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Բելառուսում

24 ապրիլի, 2015

Ապրիլի 24-ին Մինսկի Սուրբ Ալեքսանդր Նևսկու եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ Բելառուսում ՀՀ դեսպանությունը և հայ համայնքը կազմակերպել էին միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որին ներկա էին հասարակական-քաղաքական գործիչներ, օտարերկրյա դեսպաններ, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբին եկեղեցու ներսում տեղի ունեցավ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին, որից հետո խաչքարի մոտ կայացավ ծաղկեպսակների զետեղման արարողությունը:

Բացման խոսքով հանդես եկավ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, ով նշեց, որ 100 տարի առաջ ծրագրված հայ ազգի ոչնչացումը իր նպատակին չհասավ, և հայերն այսօր էլ հզոր են ու միասնական: Դեսպան Խաչատրյանը շեշտեց, որ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն հայ ազգի պայքարը պետք է լինի՝ պատմական արդարության վերականգնման գործում, այլև համայն աշխարհի, որպեսզի նման դաժան հանցագործություններն այլևս երբեք և ոչ մի տեղ չկրկնվեն: Դեսպանը նշեց նաև, որ չպետք է մոռանալ այն, ինչ տեղի ունեցավ հայ ազգի նկատմամբ անցյալ դարի սկզբում, և Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի և դատապարտվի ամբողջ աշխարհի կողմից: Արմեն Խաչատրյանն ընդգծեց, որ հայերի պայքարն ուղղված է ոչ թե ցավակցություն հայցելու, այլ բոլոր ժողովուրդների հետ մեկտեղ բացառելու ցեղասպանությունը աշխարհի որևէ անկյունում: Դեսպանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր կիսում են հայ ժողովրդի վիշտն ու զգացմունքները:

Ելույթ ունեցան նաև Բելառուսի հայ համայնքի նախագահ Գեորգի Եղիազարյանը, Բելառուսում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտին և Բելառուս-Հայաստան բարեկամության ընկերության նախագահ Նաում Գալպերովիչը:

Տպել էջը