Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ստրասբուրգում
23 ապրիլի, 2015Ապրիլի 23-ին Ստրասբուրգի Աստվածամոր կենտրոնական տաճարում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցառում։ Բացման խոսքով հանդես եկավ Ստրասբուրգի արքեպիսկոպոս Ժան-Պիեռ Գռալեն, ով իր ելույթում մեջբերելով Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, նշեց, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է և իր համերաշխությունը հայտնեց հայ ժողովրդին։ Ելույթով հանդես եկավ նաև Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արմեն Պապիկյանը, ով, մասնավորապես, նշեց. «Հայոց ցեղասպանությունը մեկ ժողովրդի ողբերգությունը չէ, դա համընդհանուր ողբերգություն է, որը սասանեց բարոյական և մարդկային արժեքները, որոնք կրոնական տարբերակում չունեն։ Մարդկության դեմ գործած հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն և նույնիսկ 100 տարի անց դրանց ճանաչումը ու դատապարտումը կրում է խաղաղության պատգամ և առանց խտրականության, ավերումների և ցեսապանությունների ապագայի հույս»։
Ժամը 19.15 ղողանջեցին Ստրասբուրգի մայր տաճարի և մնացած բոլոր կաթոլիկ ու բողոքական եկեղեցիների զանգերը ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Այնուհետև, հայր Մանուել Ռաշո-Հովհաննեսյանը մատուցեց հոգեհանգստի ծառայություն, որին մասնակցեցին բողոքական, ինչպես նաև Ստրասբուրգում հույն և ռումինական ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները։
Դրան հետևեց Ստրասբուրգի հայ համայնքի կողմից կազմակերպված ներկայացումը, որի ընթացքում հնչեցին Կոմիտասի գործերը, Դանիել Վարուժանի, Պարույր Սևակի և Վահան Տերյանի բանաստեղծությունները։ Արարողությունը եզրափակվեց մոմավառությամբ։
Նույն օրը Ստրասբուրգի Lieu de l’Europe սրահում տեղի ունեցավ հայ գեղանկարիչ Լեմս Ներսիսյանի «Բազմաձայն պատարագ» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում կտավների տեսքով ներկայացված էին Հայոց ցեղասպանության կապակցությամբ ժամանակի ազդեցիկ քաղաքական և հոգևոր ներկայացուցիչների խոսքերը: Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև ապրիլի 30-ը:
***
Ապրիլի 24-ին Ստրասբուրգի Հանրապետության հրապարակի «Մեր Զոհերը» հուշարձանի մոտ կայացավ 1915թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հավաք։ Արարողությանը ներկա էին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, Ստրասբուրգի փոխքաղաքապետ Նավել Ռաֆիկ-Էլմրինին, Ստրասբուրգի եվրամետրոպոլի նախագահ Ռոբեր Էրմանը, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները, էլզասյան հասարակական կազմակերպությունների, Ստրասբուրգում գործող տարբեր եկեղեցիների, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր խոսքում անդրադարձ կատարեց օրվա խորհրդին և նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակումը կարևոր ուղերձներ է պարունակում միջազգային հանրության համար։ «Այս տարելիցը հնարավորություն է տալիս վերաիմաստավորելու 100 տարի առաջ կատարվածը, սակայն այն նաև թույլ է տալիս վերահաստատել մեր հանձնառությունն ավելացնելու միջազգային հանրության ջանքերը ամբողջ աշխարհում կանխարգելելու ցեղասպանությունները և մարդկության դեմ գործած հանցագործությունները։ «Այլևս երբեք ցեղասպանություններին», «Ճանաչել, դատապարտել և կանխարգելել»։ Ահա սրանք են հարյուրամյակի պատգամները»,- ընդգծեց դեսպան Պապիկյանը։
Ելույթով միջոցառման մասնակիցներին դիմեցին Ստրասբուրգի փոխքաղաքապետը, Ստրասբուրգ եվրմետրոպոլի նախագահը, «Էլզաս-Հայաստան բարեկամություն» բարեգործական ընկերության նախագահ Պիեռ Զուլումյանը, հրեական, քրդական և ռուանդայական կառույցների ներկայացուցիչները։
Մինչ այդ Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները Ստրասբուրգի կենտրոնական հրապարակից երթ էին կազմակերպել դեպի Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն, ապա Եվրոպական խորհրդարան, Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Եվրոպայի խորհուրդ։ ԵԽ կենտրոնակայանի դիմաց Հայաստանի դրոշի տակ երթի մասնակիցները ծաղկեպսակ էին դրել։
Նույն օրը երեկոյան Ստրասբուրգի Սուրբ Պետրոս եկեղեցում տեղի ունեցավ համերգ Ստրասբուրգի «Voix de Stas» կամերային երգչախմբի մասնակցությամբ։ Բացման խոսքով հանդես եկավ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը։ Միջոցառմանը մասնակցում էին ԵԽ անդամ երկրների մեծ թվով դեսպաններ, դիվանագետներ, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիքսը, ԵԽ քարտուղարության ներկայացուցիչներ, Ստրասբուրգի փոխքաղաքապետը, Ստրասբուրգ եվրամետրոպոլի նախագահը, Ֆրանսիայի մշակույթի նախարարության Էլզասի մասնաճյուղի ղեկավարությունը, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Ստրասբուրգում կայացած բոլոր միջոցառումներին իրենց մասնակցությունը բերեցին նաև Ստրասբուրգում գտնվող ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները:
***
Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճի նախասրահում բացվեց «Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում. հարյուր տարի առաջ» խորագրով ցուցահանդեսը։ Բացման խոսքով հանդես եկան ՀՀ Ազգային ժողովի փոխանախագահ Հերմինե Նաղդալյանը, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասորը։
Բացման արարողությանը մասնակցում էին ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Բելգիայի արտաքին գործերի նախարար Դ. Ռեյնդերսը, ԵԽԽՎ պատգամավորներ, դեսպաններ, ԵԽ քարտուղարության աշխատակիցներ, լրագրողներ։