Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ֆրանսիայի Վալանս քաղաքում
19 ապրիլի, 2015Ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Ֆրանսիայի Վալանս քաղաքի Իջևանի հրապարակում տեղի ունեցավ խաչքարի բացման հանդիսավոր արարողություն: Խաչքարը Ջուղայի խաչքարի կրկնօրինակն է՝ կերտված հայկական տուֆից:
Միջոցառմանը ներկա էին տեղական և տարածաշրջանային պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, լրագրողներ, մեծ թվով ֆրանսահայեր:
Մանկական երգչախմբի կողմից կատարվեցին Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերը: Խաչքարի բացման արարողությունը մեկնարկեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի օրհնության գրի ընթերցմամբ:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության 1-ին քարտուղար, փոխհյուպատոս Վաներ Հարությունյանը, միջացառման նախաձեռնողներ՝ Ուրֆահայերի միության նախագահ Ժորժ Ռաստկլանը, «Ֆրանս-Աշտարակ-Արմենի» միության նախագահ Լևոն Չատիկյանը: Խաչքարի տեղադրման նախաձեռնությունն իրականացվել է նաև բարերարներ Արմեն Շահազիզյանի և Կարեն Կագոյանի աջակցությամբ:
Արարողության ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով Վալանսի քաղաքապետին և ավագանուն, ներկաներին ներկայացրին խաչքարի էությունը, նշանակությունը և խորհուրդը հայ ժողովրդի համար:
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչն, իր ելույթում շնորհակալություն և գոհունակություն հայտնելով Վալանս քաղաքի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների կապակցությամբ, անդրադարձավ խաչքարի և դրա արվեստի կարևորությանը և ներկայումս վտանգված լինելու համագամանքին՝ հիշեցնելով ներկաներին 2002-2005թթ. Նախիջևանի Ջուղայի հայկական գերեզմանոցում մի քանի հազար խաչքարների ոչնչացումը Ադրբեջանի կողմից՝ գերեզմանոցը ռազմական հենակետի վերածելու միջոցով: ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը Վալանսի քաղաքապետին և բոլոր կամզակերպիչներին փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհակալական ուղերձը՝ խաչքարի տեղադրման և կատարված աշխատանքի կապակցությամբ:
Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնն, իր ելույթում անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդին և կարևորությանը, գոհունակությամբ նշեց, որ սա Վալանս քաղաքի հանրային հատվածի առաջին խաչքարն է և ևս մեկ խոսուն ապացույց է հայ-ֆրանսիական ամուր կապերի, Վալանսի աշխույժ հայ համայնքի կարևորության: Քաղաքապետն ընդգծեց նաև քույր քաղաք Իջևանի հետ կապերի հետագա զարգացման կարևորությունը:
Բացման արարողությունից հետո Վալանսի քաղաքապետարանում տեղի ունեցավ ընդունելություն: