Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վարշավայում
19 ապրիլի, 2015Ապրիլի 19-ին Լեհաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց տեղակայված Կոպերնիկոսի հուշարձանի մոտից մեկնարկեց Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես դատապարտող բանաձևի ընդունման 10-րդ տարեդարձին և Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երախտիքի երթը Վարշավայի կենտրոնում:
Երթին մասնակցում էին հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ, լրագրողներ:
Երթն իրականացվում էր Լեհաստանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, Լեհաստանի տարածքային հանձնաժողովի և Լեհաստանի մի շարք հայկական կազմակերպությունների կողմից՝ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի գլխավորությամբ:
Երթի մասնակիցները, 100 մետրանոց մուգ մանուշակագույն ժապավենով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի պատկերով, «Շնորհակալություն, Լեհաստա՛ն» պաստառներով և Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշներով, Վարշավայի Կրակովսկի Պրեդմեշչիա կենտրոնական փողոցով շարժվեցին դեպի հին քաղաքի կենտրոն՝ հանրահայտ «Զամոկ Կրուլևսկի» թանգարանին հարող հրապարակ: Երթի մասնակիցները փողոցի անցորդներին բաժանում էին միջոցառմանը խորհուրդը պարզաբանող տեղեկատվական թերթիկներ:
Երթի ավարտին մասնակիցների կողմից Վարշավայի կենտրոնական հրապարակում մանուշակագույն և դեղին ժապավեններով պատկերվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը հանդիսացող անմոռուկը՝ կենտրոնում Ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշներով: