Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված էկումենիկ աղոթք Կոպենհագենում
19 ապրիլի, 2015Ապրիլի 19-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի Մայր տաճարում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված էկումենիկ աղոթքի արարողություն: Էկումենիկ արարողությունն անցկացվեց Կոպենհագենի ավագ եպիսկոպոս Փիթեր Սկով-Յակոբսենի, Կոպենհագենի թեմի հոգևորականների ավագ, հայր Անդերս Գադեգորի, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ, տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի, Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական Պատվիրակ Sիրան վարդապետ Պետրոսյանի կողմից, մասնակցությամբ` շվեդիահայության հոգևոր հովիվ Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանի, դանիահայության հոգևոր հովիվ, տեր Ստեփանոս քահանա Հովհաննիսյանի և ՀՀ Տավուշի մարզի հոգևոր հովիվ, տեր Արամ քահանա Միրզոյանի:
Արարողությանը ներկա էին հարյուրավոր մարդիկ, այդ թվում` Դանիայի խորհրդարանի, արտաքին գործերի նախարարության, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, անվանի գրողներ, Դանիայում հավատարմագրված դեսպաններ, լրագրողներ, Դանիայի հայ համայնքի ներկայացուցիչներ և բազմաթիվ դանիացիներ:
Արարողությունը բացվեց հայր Անդերս Գադեգորի աղոթքով, ով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կրում էր նահատակված հայ քահանայի շուրջառը` բերված դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի կողմից 1924թ.: Այն առաջին անգամ Դանիայում գործածվել էր 1927թ.` Ֆլենսբուրգում երդմնակալության արարողության ժամանակ, որից հետո շուրջառը հազվագյուտ դեպքերում է գործածվել և այսուհետ մշտապես ցուցադրվում է Կոպենհագենի Մայր տաճարում:
Իր ելույթում Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը նշեց, որ հայ քահանայի շուրջառը մաս է մարդկային հիշողության և ինքնին կենդանի պատմություն է, որով էլ մեր հիշողությունը կենդանի է և մեր պահանջը` հզոր:
Sիրան վարդապետ Պետրոսյանը, ուղեկցությամբ հայ մյուս հոգևորականների, հայկական հոգևոր շարականների ներքո շարունակեց արարողությունն ավետարանական ընթերցմամբ:
Այնուհետև ներկաներին իր խոսքն ուղղեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ, տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, ով մասնավորապես նշեց, որ անհրաժեշտ է և անգամ պարտականություն է հարգել զոհերի հիշատակը, բայց նաև ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը` կանխելու համար մարդկության հանդեպ նոր հանցագործությունները: Սրբազան հայրը շեշտեց, որ Հալեպում դեռ գոյություն ունի Կարեն Յեփփեի հիմնադրած որբանոցը, որն այժմ տարրական դպրոց է դարձել և կրում է նրա անունը: Ըստ Սրբազանի` նախքան Դանիա գալն, ինքն այցելել էր Կարեն Յեփփեի շիրիմին ու լուռ աղոթել` ասելով. «Դու եկար Դանիայից` փրկելու անմեղ որբերին: Եվ այժմ` հարյուր տարի անց, թույլ տուր ինձ գնալ քո երկիր և հարգանքի տուրք մատուցել ու շնորհակալություն հայտնել քո ժողովրդին` փրկված հազարավոր երեխաների անունից»:
Քարոզին հետևեց լռության րոպեն, որից հետո բոլոր ներկաները հայկական դուդուկի հնչյունների ներքո Մայր տաճարի խորանի առջև մոմեր վառեցին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Արարողության վերջում հնչեց Կոպենհագենի ավագ եպիսկոպոս Փիթեր Սկով-Յակոբսենի քարոզը, ով մինչև քարոզը սկսելը, կարդաց հատվածներ Մարիա Յակոբսենի և Կարեն Յեփփեի օրագրություններից` նկարագրելով Ցեղասպանության տարիներին հայերի աննկարագրելի խոշտանգումները և տանջանքները: Դանիացի հոգևոր առաջնորդը նշեց, որ տեղահանության արդյունքում մոտ 1.5 միլիոն մարդ է զոհվել, որը չի կարելի պարզապես անվանել ողբերգական իրադարձություն: Սա արդեն խոսում է սիստեմատիկ բնաջնջման, ցեղասպանության մասին, որը քանի դեռ չի ճանաչվել, կմնա լռության խավարում:
«Ի՞նչ նշանակություն կունենա աշխարհի համար, եթե Թուրքիան ինքը դատապարտի Ցեղասպանությունը, որ տեղի է ունեցել Օսմանյան կայսրության վերջին օրերին: Դա կնշանակեր նոր փուլ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում: Այն նաև կլիներ խաղաղության և հաշտեցման լավ օրինակ աշխարհում, ինչպես նաև` երկու ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների և Եվրոպայի ու Թուրքիայի միջև հարաբերությունների նոր սկիզբ», - նշեց Կոպենհագենի եպիսկոպոսը քարոզի ավարտին:
Արարողությունն անցկացվում էր հայկական և դանիական հոգևոր երգերի ուղեկցությամբ, որոնք կատարում էին Հայաստանի Բերդ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու պատանեկան երգչախումբը և դանիական Հասլև քաղաքի եկեղեցական երիտասարդական երգչախումբը: Հայաստանյան երգչախումբը Դանիայի էր ժամանել Հասլև քաղաքի երգչախմբի հրավերով` դանիական մի շարք քաղաքներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայկական հոգևոր երգերի կատարմամբ հանդես գալու համար:
Միջոցառման վերջում ներկաներն այցելեցին Մայր տաճարում դանիացի լուսանկարիչ Սիլե Արենդտի կողմից արված «Ես հայ եմ» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսին, որը ներկայացնում էր հայ ժողովրդի անցյալը, ներկան և ապագան: