Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հաղորդում «Սադա էլ-Բալադ» հեռուստակայանի եթերում
18 ապրիլի, 2015Եգիպտոսում ամենաբարձր վարկանիշ ունեցող «Իմ պատասխանատվությամբ» թոք շոուն, որը հեռարձակվում է «Սադա էլ-Բալադ» հեռուստակայանի կողմից, ապրիլի 18-ի եթերաժամն ամբողջովին նվիրել էր Հայոց ցեղասպանության թեմային։ Թոք շոուի հյուրերն էին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Մազլումյանը, Դամանհուրի համալսարանի պրոֆեսոր, ցեղասպանագետ Մոհամեդ Ռեֆաթ Իմամը և Արտաքին հարաբերությունների եգիպտական խորհրդի անդամ, հանրային կապերի մասնագետ Մագդա Շորբան։
Հաղորդումը վարել է թոք շոուի հեղինակ Ահմադ Մուսան, ով իր խոսքը սկսեց հարյուր տարի առաջ օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կատարված վայրագությունների և «Իսլամական Պետության» ահաբեկիչների գործողությունների միջև զուգահեռներ տանելով։
ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի իշխանությունների վարած ժխտողականության քաղաքականությունը՝ նշելով, որ այդ հանցագործության ժխտումը հավասարազոր է նրա շարունակմանը։ Նա ընդգծեց Հայաստանի հանձնառությունը` շարունակելու պայքարը ցեղասպանությունների կանխարգելման և պատմական արդարության հաստատման համար։
Դեսպանը նաև հայ ժողովրդի խորին երախտագիտությունը փոխանցեց բարեկամ եգիպտացի ժողովրդին` Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայերին ապաստան տրամադրելու, նրանց ազգային ինքնության պահպանման և եգիպտական հասարակության լիարժեք անդամներ դառնալու համար բոլոր անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար։
Հանձնախմբի անդամ Արմեն Մազլումյանը խոսելց Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունը պետական մակարդակով իրականացնելու մեխանիզմների, ընթացքի և հետևանքների մասին՝ ընդգծելով, որ Թուրքիան պարտավոր է առերեսվել սեփական պատմության հետ ու փոխհատուցել կորուստների համար։ Նա մանրամասներ ներկայացրեց Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ապրիլյան միջոցառումների մասին։
Հաղորդման ընթացքում ցուցադրվեց հեռուստակայանի կողմից պատրաստված Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստավավերագրական տվյալներ ներառող տեսահոլովակ, որում անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Պապի հայտարարությանը և ԵԽ ընդունած բանաձևին։
Հաղորդման տեսագրությունն առցանց հասանելի է հետևյալ հասցեով․
http://www.elbaladtv.net/3lams2olity?yt=VsQraNNU-Fw