Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի օծման արարողություն Լիտվայում

18 ապրիլի, 2015

Ապրիլի 18-ին Լիտվայի Կլայպեդա քաղաքի Հուշարձանների այգում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի օծման արարողությունը:

Հուշարձանի օծման հանդիսավոր արարողությանը ներկա էին Կլայպեդայի քաղաքապետ Վիտաուտաս Գրուբլյաուսկասը, Սեյմասի պատգամավորներ, Բալթյան երկրներում Հայ Առաքելական եկեղեցու հոգեվոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը, հասարակական գործիչներ, մտավորական և լրագրական, ինչպես նաև Լիտվայի հայ համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ:

Արարողությանը բացման խոսքով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, ով նշեց, որ հայերը, աշխարհի բոլոր անկյուններում և այդ թվում Լիտվայում բնակվող մեր հայրենակիցները վերահաստատում են ևս մեկ անգամ, որ հիշում են մեր ազգի և մարդկության դեմ իրականացված այդ ծանրագույն ոճրագործությունը և շարունակելու են արդար պայքարը այդ հանցագործության ճանաչմանն ու դատապարտման ուղղությամբ: Շնորհակալություն հայտնելով Կլայպեդա քաղաքի իշխանություններին՝ դեսպանն ընդգծեց, որ այս խաչքարը նաև արտացոլում է հայերի երախտագիտությունը Լիտվայի Հանրապետությանը, որի խորհրդարանը 2005թ. միաձայն ճանաչեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Դեսպան Այվազյանը հավելեց, որ քաղաքի կենտրոնական պուրակում տեղադրված այս հուշարձանը, որը հայ համայնքի նվերն էր Կլայպեդա քաղաքին, հայ-լիտվական ջերմ հարաբերությունների ևս մեկ խորհրդանիշ է:
 

Տպել էջը