Լաս Վեգասում բացվեց ՀՀ պատվավոր հյոպատոսի գրասենյակը

18 ապրիլի, 2015

Ապրիլի 18-ին Լաս Վեգասում տեղի է ունեցել ՀՀ պատվավոր հյոպատոսի գրասենյակի հանդիսավոր բացման արարողությունը: Մասնակցել են ԱՄՆ դաշնային և Նևադայի նահանգային ընտրովի պաշտոնյաներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ:

Լաս Վեգասում նորանշանակ պատվավոր հյուպատոս Ադրուշան Ամենյանն իր ելույթում նշել է, որ, իբրև ՀՀ պատվավոր հյուպատոս, իր առջև երեք նպատակ ունի՝ ամրապնդել ՀՀ և Նևադա նահանգի միջև տնտեսական ոլորտի կապերը և ակտիվացնել գործարար շփումները, բազմազգ Նևադայում հարևաններին ներկայացնել հայ ժողովրդի հարուստ մշակույթն ու պատմական ժառանգությունը և հյուպատոսական ծառայություններ մատուցել Նևադայի հայ համայնքին: Պատվավոր հյուպատոսի խոսքով, նահանգում այսօր ապրում է մետ 15000 հայ:

Հայ համայնքին և նորանշանակ պատվավոր հյուպատոսին ողջունել են ԱՄՆ կոնգրեսականներ, Նևադա նահանգի օրենսդիր մարմնի անդամներ, Հենդերսոնի քաղաքապետ Էնդի Հեֆընը, այլ պաշտոնյաներ: Նրանք շնորհավորագրեր և հռչակագրեր են հանձնել ՀՀ պատվավոր հյուպատոսին՝ ողջունելով գրասենյակի բացումն ու դրա միջոցով Նևադայի հետ կապերի աշխուժացման հեռանկարը:
ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացմանը հաջորդած պաշտոնական ճաշկերույթի ընթացքում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովն իր ելույթում նշեց. «Նևադայում այսուհետև կունանք Հայաստանի մի փոքր կտոր, որի շնորհիվ հայ համայնքն առավել սերտորեն կկապվի հայրենիքի հետ»,- ասել է գլխավոր հյուպատոսը:

 

Տպել էջը