Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն Սոֆիայում

18 ապրիլի, 2015

Ապրիլի 18-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանության և կրոնական համայնքների Ազգային խորհրդի նախաձեռնությամբ Բալկաններում ամենամեծը հանդիսացող Սոֆիայի սինագոգում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակին արարողություն, որն անցկացրեց սինագոգի րաբբի Յոսեֆ Սոլոմոնը:

Արարողությանը ներկա էին Բուլղարիայի Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները, բուլղար ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների, ինչպես նաև Միացյալ ավետարանական, Հրեական կենտրոնական հոգևոր խորհրդի ներկայացուցիչներ, հայկական և հրեական համայնքի անդամներ:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանն, ով ներկայացրեց ամբողջ աշխարհում տեղի ունեցող` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, դրանց էությունն ու բովանդակությունը: Դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց հրեա ժողովրդին` անվանի զավակ Ռաֆաել Լեմկինի իրականացրած գործունեության համար, ում ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում անգնահատելի է: Դեսպան Սհոյանը Ցեղասպանություն և Հոլոքոստ վերապրած հայ և հրեա ժողովուրդներին մաղթեց ապրել և արարել միասնաբար:

Ապրիլի 19-ին Սոֆիայում` «Սուրբ Սոֆիա» բուլղար ուղղափառ և ավետարանական, ինչպես նաև «Սուրբ Հովսեփ» կաթոլիկ եկեղեցիներում, տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններ:

Միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին բուլղարական հեռուստաալիքներով: 

Տպել էջը