Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Ժնևում
17 ապրիլի, 2015Ապրիլի 17-ին Ժնևի Վիկտորիա համերգասրահում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Միջազգային տարբեր առաջնակարգ բեմերում հանդես եկող հայ մեներգչուհիներ Վարդուհի Խաչատրյանի, Ջուլիետ Գալստյանի կատարմամբ և Սերգեյ Օստրովսկու ղեկավարությամբ շվեյցարական կամերային նվագախմբի նվագակցությամբ հանդիսատեսին ներկայացվեցին Պերգոլեզի «Ստաբատ Մատերը», Ալբինոնիի, Բախի, Շուբերտի, ինչպես նաև Կոմիտասի ստեղծագործությունները:
Միջոցառմանը ներկա էին Ժնևի քաղաքապետ Սամի Կանաանը, Շվեյցարիայի Դաշնային խորհրդարանի խորհրդարանականներ, դեսպաններ, քաղաքական, հասարակական գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հայուրավոր շվեյցարացիներ:
Միջոցառման մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ Ժնևի քաղաքապետը, ով նշեց, որ «20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկի` Հայոց Ցեղասպանության նպատակն էր հայերի զանգվածային և համակարգված ոչնչացումը, հայ ազգի ոչ միայն ֆիզիկական, այլև սոցիալական և մշակութային, անհատական և հավաքական ինքնության ջնջումը: Հակառակ ամենատարբեր ճնշումներին, հակառակ մեկդարյա վաղեմությանը՝ մենք բոլորս պարտավոր ենք դատապարտել այդ հանցագործությունը»:
Քաղաքապետն ընդգծեց նաև, որ «այդ սարսափելի ոճրի լիարժեք և ամբողջական ճանաչումից հրաժարումը թույլ չի տալիս արնածոր վերքի սպիացումը, քանզի այն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ այլևս չի վիճարկվի այդ դժնի ակտի իրողությունը: Ժխտողականությունն ինքնին հանցագործություն է և խոչընդոտում է ոչ միայն հիշողության և սգո տուրքին, այլ նաև ժողովուրդների խաղաղ և ներդաշնակ ապագային»: Ս. Կանաանն իր ելույթում դատապարտեց ժխտողականության ինչպես վերացական, այնպես էլ որոշակի դրսևորումները, անդրադարձավ նաև Ժնևում «Հիշողության լապտերներ» հուշարձանի տեղադրման խնդրին:
Այնուհետև, հայ համայնքի անունից ելույթ ունեցավ «Արմենիա» հիմնադրամի նախագահ Վահե Գաբրաշը, ով նշեց, որ ինչպես ողջ աշխարհում, Շվեյցարիայում ևս ողջ տարվա ընթացքում տեղի են ունենում ոգեկոչման բազմաթիվ միջոցառումներ՝ մեր ընդհանուր ցավը հիշելու, կիսելու համար, վերհիշելու նաև այն զորակցությունը, որը շվեյցարացի ժողովուրդը ցուցաբերել է հայերի հանդեպ 19-րդ դարի վերջից սկսած: Նա ընդգծեց նաև, որ ի համերաշխություն մեկնված ձեռքերը չեն վերացնում ցավը, սակայն թույլ են տալիս այն դարձնել փոքր-ինչ տանելի:
Նա նշեց, որ արդեն 1896թ. շվեյցարացի ժողովուրդը զանգվածայնորեն հանդես եկավ ի համերաշխություն համիդյան ջարդերին ենթարկված հայ ժողովրդի՝ ներկայացնելով հանրահայտ պետիցիա՝ չորս հարյուր հազար ստորագրությամբ, որն առայսօր չգերազանցված ռեկորդ է շվեյցարական ժողովրդավարության ողջ պատմության մեջ: Հենց այդ տարիներին էր, որ պաստոր Կրաֆտ-Բոննարի ջանքերով հիմնվեց հայկական առաջին օջախը Շվեյցարիայում: Նա հիշատակեց Շվեյցարիայի Ազգային խորհրդի, ինչպես նաև Ժնև քաղաքի պետական խորհրդի, Ժնև և Վո կանտոների Մեծ խորհուրդների կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչումը:
Շվեյցարիայում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանն իր ելույթում նշեց, որ Հայոց Ցեղասպանության Հարյուրամյակի ոգեկոչման հիմնական նպատակներից մեկը 100 տարի առաջ մարդկության դեմ գործված եղեռնագործության ճանաչումն ու դատապարտումն է, ինչը միակ նախապայմանն է ապագայում նման ոճիրների կանխարգելման:
«Հարյուրամյակը կոչ չի անում ատելության կամ անհանդուրժողականության, այլ՝ համախմբման, համերաշխության, զգոնության՝ ընդդեմ չարի, հանուն հիշողության պատասխանատվության: Քանզի ոչ թե մոռացությունը, այլ գիտակցված հիշողությունն է, որ կարող է մեղմել ցավը, ճանապարհ բացել խաղաղության և հաշտեցման համար:
Նա ընդգծեց նաև, որ Հայուրամյակը առիթ է նաև երախտագիտություն հայտնելու բոլոր նրանց, ովքեր ձեռք են մեկնել մեզ՝ մեր պատմության ամենադժնի օրերին: Այդ առումով, նա երախտիքի խոսքեր ուղղեց շվեյցարացի ժողովրդին՝ ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած անվերապահ համերաշխության, Շվեյցարիայի հյուրընկալ հողում հազարավոր հայերին ապաստան տալու համար: Նշվեց, որ վերապրած հայերը դարձան Շվեյցարիայի օրինակելի քաղաքացիներ, իրենց նպաստը բերեցին այդ երկրի զարգացմանն ու բարգավաճմանը, դարձան հայ-շվեյցարական բարեկամության ամրապնդման կարևոր դերակատարներ:
ՀՀ դեսպանորդը նշեց նաև, որ «ոգեկոչման այս երեկոյի համար առավել քան խորհրդանշական է «Ստաբատ Մատերի» ընտրությունը. այն արտահայտում է Տիրամոր խորին տառապանքը՝ խաչյալ որդու տանջանքների հանդեպ, բայց նաև՝ մահաբեր հիվանդության ճիրաններում գտնվող և երաժշտական այս գլուխգործոցի ավարտից ընդամենը երկու ամիս անց իր մահկանացուն կնքած քսանվեցամյա Պերգոլեզի տառապանքը: Սակայն այդ երկու տառապանքներից անդին՝ վերածննդի հույսն է և անմահությունը. անմահությունը վերածնված Հիսուսի, անմահությունը Պերգոլեզի հիասքանչ գործի: Այն խորհրդանշում է նաև ճշմարտացիությունը հայ ժողովրդի անհուն տառապանքների վկա մեծ հումանիստ Անատոլ Ֆրանսի` 1916թ. արտասանած մարգարեական խոսքերի. «Հայաստանը մեռնում է, բայց Հայաստանը կվերածնվի նորից»: Այսօր, մենք բոլորս վկան ենք հայ ժողովրդի վերածննդյան հրաշքի»: