Դեսպան Տեր-Ստեփանանն ընտրվեց Ֆրանկոֆոնիայի Համագործակցության և ծրագրավորման հանձնաժողովի նախագահ

30 մարտի, 2015

Մարտի 30-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Մշտական խորհրդի նիստի ընթացքում, որին մասնակցում էին կազմակերպության 57 անդամ պետություններ, Ֆրանկոֆոնիայում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը միաձայն ընտրվեց կազմակերպության Համագործակցության և ծրագրավորման հանձնաժողովի նախագահ` 2 տարի ժամկետով:

Հանդիսանալով կազմակերպության թվով չորս ղեկավար մարմիններից մեկը` հանձնաժողովը մշակում և վերահսկում է անդամ պետություններում կազմակերպության կողմից իրագործվող ծրագրերը:

Նիստի ընթացքում ունեցած իր ելույթում դեսպան Տեր-Ստեփանյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Դեսպանը մասնավորապես նշեց. «Այս տարի Հայաստանը և ողջ աշխարհի հայերը միջազգային հանրության հետ միասին նշում են Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ապրիլի 24-ին բազմաթիվ երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձիք ՀՀ Նախագահի հրավերով կլինեն Երևանում, որպեսզի խոնհարվեն 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակի առջև, վերահաստատեն Հայոց ցեղասպանության ճշմարտությունն ու արտահայտեն իրենց համախոհությունը հայ ժողովրդի արդարության որոնման հարցում»:

Դեսպան Տեր-Ստեփանյանը նշեց նաև, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կարող է ծառայել ժողովուրդների հաշտեցմանը` համոզմունք հայտնելով, որ այս հարաբերությունների ապագան կարող է կառուցվել միայն մարդկության պատմության մութ էջերի գիտակցման և ճանաչման հիման վրա: Հիշատակի այս կարևորագույն աշխատանքը հանդիսանում է ցանկացած հասարակության առաջընթացի աղբյուր և նպաստում մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելմանն ու մարդու իրավունքները հարգող խաղաղ աշխարհի կառուցմանը: 

Տպել էջը