Դեսպան Վարդանյանի հանդիպումը Ֆիլիպինների առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալի հետ

24 մարտի, 2015

Մարտի 24-ին Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը (նստավայրը` Հանոյ) հանդիպում ունեցավ Ֆիլիպինների առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Ադրիան Քրիստոբալի հետ:

Զրուցակիցները քննարկեցին առևտրատնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությւոնների զարգացմանն առնչվող հարցերը: Այդ նպատակով երկուստեք ընդգծվեց ոլորտը կարգավորող իրավապայմանագրային դաշտի հաստատման, երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի հաստատման կարևորությունը: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում գինեգործության, կոնյակագործության, թանկարժեք քարերի մշակման, դեղագործության, էներգետիկայի և մի շարք այլ ուղղություններով համագործակցության հնարավոր ծրագրերի վերաբերյալ:

Դեսպան Վարդանյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցելու գործընթացը` նշելով, որ անդամակցությունը նոր հնարավորություններ է ստեղծել ինչպես Հայաստանի տնտեսության զարգացման, այնպես էլ միջազգային տնտեսական համագործակցության գործընթացներում Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածության համար: Դեսպանը ներկայացրեց նաև ԱՄՆ-ի, եվրոպական պետությունների և ԵՄ-ի հետ առկա համագործակցությունը:

Անդրադարձ կատարվեց Հայաստանի ներդրումային միջավայրին, իրականացվող ներդրումային ծրագրերին և ֆիլիպինյան ընկերությունների կողմից այդ ծրագրերին մասնակցելու հնարավորությանը: 

Տպել էջը