Դեսպան Վարդանյանի հանդիպումը Ֆիլիպինների փոխնախագահի հետ

19 մարտի, 2015

Մարտի 19-ին Ֆիլիպիններում ՀՀ դեսպան (նստավայրը` Հանոյ) Ռաիսա Վարդանյանին ընդունեց Ֆիլիպինների փոխնախագահ Ջեջոմառ Բինեյը:

Դեսպան Վարդանյանը փոխնախագահ Բինեյին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու հրավերն այցելել Հայաստան:

Դեսպան Վարդանյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացը, Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա վիճակը և ընդգծեց, որ Հայաստանն առաջիկայում խոշոր տրանսպորտային հանգույց դառնալու մեծ պոտենցիալ ունի, ուստի շահագրգռված է Ֆիլիպինների հետ սերտ տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությամբ:

Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից առանձնակի կարևորվեց գիտության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Դեսպան Վարդանյանը Ջեջոմառ Բինեյի խնդրանքով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն ու տեղեկացրեց, որ Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական մոտեցում ցուցաբերել բանակցային գործընթացին, ինչն ուղեկցվում է շփման գծում սադրիչ գործողությունների իրականացմամբ և հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտումներով:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` դեսպան Վարդանյանը ներկայացրեց այդ կապակցությամբ նախատեսվելիք միջոցառումները, դրանց էությունն ու բովանդակությունը:

Քննարկվեցին տարածաշրջանային արդի խնդիրներ, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: 

Տպել էջը