Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում Բուխարեստում

15 մարտի, 2015

Մարտի 15-ին Բուխարեստի Հայոց կենտրոնում տեղի ունեցավ բանախոսություն` նվիրված Մեծ Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Միջոցառումը կազմակերպվել էր Ռումինիայի Հայոց թեմի, Ռումինիայի Հայոց միության և Ռումինիայում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով:

Միջոցառմանը մասնակցում էին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը, ռումինահայ «Արարատ» հանդեսի գլխավոր խմբագիր Միհայ Ստեփան Գազազյանը, պատմաբան Էդուարդ Անտոնյանը, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներակայացուցիչներ:

Զորավարի կյանքն ու գործունեությունը ներկայացրին «Արարատ» հանդեսի գլխավոր խմբագիր Միհայ Ստեփան Գազազյանը և պատմաբան Էդուարդ Անտոնյանը: Ելույթներով հանդես եկան դեսպան Գասպարյանը և Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը, ովքեր իրենց խոսքում կոչ արեցին անցյալի և այսօրվա հերոսների օրինակով նվիրվել Հայրենիքին և համախմբվել` ի նպաստ Հայաստանի Հանրապետության հետագա զորացման: Այնուհետև ցուցադրվեց Զորավար Անդրանիկի մասին պատմող վավերագրական ֆիլմ:

Մասնակիցները նաև ծաղկեպսակներ զետեղեցին Բուխարեստի Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու բակում գտնվող Զորավար Անդրանիկի արձանին, որ կանգնեցվել է 1936թ. և համարվում է Զորավարին նվիրված աշխարհում առաջին հուշարձաններից մեկը: 

Տեղի ունեցավ նաև Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Մարաղայի հայկական ջարդերի նահատակների հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգ, և ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու բակում տեղադրված խաչքար-հուշակոթողի առջև:

Տպել էջը