Դեսպան Սահակյանը դասախոսությամբ հանդես եկավ Ղազախստանի հումանիտար-իրավաբանական համալսարանում

10 փետրվարի, 2015

Փետրվարի 10-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը Աստանայում դասախոսությամբ հանդես եկավ Ղազախստանի հումանիտար-իրավաբանական համալսարանի ուսանողների և դասախոսների առջև «Հարավային Կովկաս․ պատմություն և արդի մարտահրավերներ» թեմայով:

Դեսպան Սահակյանն ընդհանուր գծերով անդրադարձավ Հարավային Կովկասի տարածաշրջանի ժողովուրդների էթնոգենեզի հարցերին, ազգային-պետական կազմավորումների, արտաքին նվաճողների դեմ պայքարի, քաղաքական կողմնորոշումների պատմությանը, ինչպես և նորանկախ պետությունների առջև ծագած արդի մարտահրավերներին։ Նա լուսաբանեց Հարավային Կովկասում պահպանվող հակամարտությունների, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության էությունը, ծագումը և դրա քաղաքական կարգավորման ուղիները։

Ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը՝ դեսպանն ընդգծեց պատմական հիշողության պահպանման նշանակությունը և Հայաստանի հանձնառությունը` նպաստելու ցեղասպանությունների կանխարգելման միջազգային հանրության հավաքական ջանքերին:

Դասախոսության ավարտին դեսպան Սահակյանը պատասխանեց ունկնդիրների հարցերին, որոնք վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորման ներկա ընթացքին, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման հեռանկարներին, քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում հայ-ղազախական համագործակցության զարգացման հնարավորություններին, միջազգային և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ՀՀ մոտեցումներին: 

Տպել էջը