8-րդ գումարման Եվրոպական խորհրդարանում վերահայտարարվեց Հայաստանի հետ բարեկամության խումբը

04 փետրվարի, 2015

Փետրվարի 4-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում պաշտոնապես հայտարարվեց Եվրոպական խորհրդարան – Հայաստան բարեկամության խմբի վերստեղծման մասին:

Միջոցառմանը ներկա էին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական տարբեր խմբերի և Խորհրդարանի ստորաբաժանումների ներկայացուցիչներ, դիվանագետներ, Բելգիայում գործող հայկական հասարակական-քաղաքական կառույցների անդամներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան բարեկամության խմբի նախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Էլենի Տեոխարուսը, ԵՄ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը և Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Կասպար Կարամպետյանը:

Բարձր գնահատելով Եվրոպական խորհրդարան – Հայաստան բարեկամության խմբի վերահայտարարման, մասնավորապես մի խումբ նորընտիր պատգամավորների միանալու փաստը` դեսպան Մարգարյանն իր ելույթում վստահություն հայտնեց, որ ավելի ընդարձակված բարեկամության խումբը Եվրոպական խորհրդարանի առանցքային կոմիտեների, քաղաքական խմբերի և այլ օղակների հետ համագործակցությամբ մեծապես կնպաստի Խորհրդարանում Հայաստանին հուզող հարցերի բարձրացմանը և միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը: 

Տպել էջը