Գյումրիում սպանության զոհ դարձած Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակի արարողություն Սանկտ-Պետերբուրգում

18 հունվարի, 2015

Հունվարի 18-ին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Սարգիս Չոփուրյանը պատարագ մատուցեց հունվարի 12-ին Գյումրիում սպանությունների զոհ դարձած Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին:

Պատարագից հետո ելույթի խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով իր ցավակցությունը հայտնեց Գյումրիում տեղի ունեցած սպանությունների կապակցությամբ և դատապարտեց կատարված հանցագործությունը:

Հոգեհանգստյան արարողությունից հետո հայ համայնքի ներկայացուցիչները գլխավոր հյուպատոսի մասնակցությամբ ծաղիկներ դրեցին եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ:

Այնուհետև եկեղեցու բակում Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մեծ մոմերով «Գյումրի» գրեցին, ինչը կոչված էր հավերժացնելու սպանության զոհերի հիշատակը: Այս հուշակոթողը միջոցառման ողջ ընթացքում լցվեց ժողովրդի կողմից վառվող մոմերով, որոնք եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքին:

Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից հետո Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի առջև մի քանի օր շարունակ քաղաքի բնակիչների կողմից ծաղիկներ և մանկական խաղալիքներ են դրվում: 

Տպել էջը