Դեսպան Ղազարյանի աշխատանքային այցը Կատովիցե
21 դեկտեմբերի, 2014Դեկտեմբերի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն աշխատանքային այցելություն կատարեց Լեհաստանի Կատովիցե քաղաք:
Դեսպանը մասնակցեց Կատովիցեում բացված Եվրոպայի ամենախոշոր համերգասրահներից մեկում Լեհաստանի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի համերգին՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Համերգից հետո դեսպան Ղազարյանը հանդիպում ունեցավ Կատովիցեի քաղաքապետ Մարցին Կրուպայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կատովիցեի և Հայաստանի քաղաքներից մեկի հետ ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները:
Նույն օրը դեսպան Ղազարյանը հանդիպում ունեցավ Լյուդվիգ վան Բեթհովենի փառատոնի հիմնադրամի գլխավոր տնօրեն Էլժբետա Պենդերեցկայի հետ, որի ընթացքում քննարկվեցին 2015թ. ընթացքում կայանալիք փառատոնին հայ մշակութային գործիչների մասնակցության, ինչպես նաև Հայաստանի և Լեհաստանի միջև մշակութային համագործակցության հարցեր: