Մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրի 66-ամյակին նվիրված միջոցառում Բեյրութում
10 դեկտեմբերի, 2014Դեկտեմբերի 10-ին Բեյրութում Լիբանանի Մարդու և հումանիտար իրավունքի հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում` նվիրված Մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրի 66-ամյակին:
Միջոցառմանը ներկա էին Լիբանանի սահմանադրական դատարանի նախագահը, իրավաբաններ, դատավորներ, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների, մասնավորապես Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի, «Լիբանան – Հայաստան» բարեկամության ասոցիացիայի ներկայացուցիչներ, ուսանողներ: Երեկոյին, որպես գլխավոր բանախոս, մասնակցում էր նաև Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:
Միջոցառման բացումը կատարվեց հիմնադրամի կանանց հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Լինա Օսսեյրայի կողմից: Այնուհետև հիմնադրամի անդամներ Պետեր Հաննան և Մոնա Աքլը մանրամասներ ներկայացրին Լիբանանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի մասին:
Դեսպան Քոչարյանն իր ելույթում անդրադարձավ հայ ժողովրդի պատմությանը, պատմա-մշակութային արժեքներին և հարուստ ժառանգությանը, ընդգծեց լիբանանահայ համայնքի կարևոր դերակատարությունը հայ-լիբանանյան, ինչպես նաև Հայաստան–Սփյուռք գործակցության խորացման և զարգացման գործում:
Դեսպանի ելույթի հիմնական բաժինը նվիրված էր Հայոց ցեղասպանությանը: Ներկայացվեցին մանրամասներ Ցեղասպանության իրագործման մեխանիզմների և փուլերի, միջազգային ճանաչման շարունակական գործընթացի, 100-ամյակին ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքների, միջազգային կազմակերպություններում ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման ուղղությամբ իրականացված Հայաստանի նախաձեռնությունների վերաբերյալ: Դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին, մասնավորապես Լիբանանի խորհրդարանին:
Եզրափակելով իր ելույթը` դեսպան Քոչարյանը նշեց, որ մարդկության դեմ գործած հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Խոսելով թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականության, անհեռատեսության մասին` նա ընդգծեց, որ Ցեղասպանությունից 100 տարի անց ողջ հայ ժողովուրդը և միջազգային հանրությունը Թուրքիայից սպասում են Օսմանյան կայսրությունում կատարված սարսափելի հանցագործության՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Միջոցառման ավարտին հանձնվեցին մրցանակներ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած նպաստի համար: