Դեսպան Վարդանյանի աշխատանքային այցը Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

04 դեկտեմբերի, 2014

Դեկտեմբերի 4-ին Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը Սամցխե-Ջավախք նահանգի Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում ունեցավ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեի և Ախալցխայի քաղաքապետ Գիորգի Կոպաձեի հետ:
Քննարկվեցին զբոսաշրջությանն ու համայնքային կյանքին վերաբերող հարցեր, մտքեր փոխանակվեցին տարածաշրջանի զարգացման հեռանկարների վերաբեյալ: Դեսպանը կարևորեց հայ-վրացական բարեկամությունը և պատրաստակամություն հայտնեց համագործակցելու տեղի իշխանությունների հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Ախալցխայի քաղաքապետ Գիորգի Կոպաձեն ներկայացրեց Ախալցխա քաղաքի բարեկարգման աշխատանքները` դրանց թվում նշելով 2015թ. նախատեսված՝ դեպի Ախալցխայի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի տանող ճանապարհի կառուցումը:

Դեսպան Վարդանյանը նահանգապետի և քաղաքապետի ուղեկցությամբ այցելեց Ախալցխայի Ռաբաթ ամրոց, եղավ ամրոցի ազգագրական թանգարանում, մասնակցեց Ախալցխային նվիրված վրացերեն և անգլերեն պատմագրական գրքույկի շնորհանդեսին, այնուհետև հանդիպում ունեցավ տեղի մտավորականության ներկայացուցիչների հետ:

Հավաքվածներին ուղղված իր խոսքում դեսպանը նշեց, որ բարձր է գնահատում հայ-վրացական դարավոր եղբայրական և բարիդրացիական հարաբերությունները և խոստացավ, որ ջանք չի խնայի դրանք առավել խորացնելու և զարգացնելու համար:

Դեսպան Վարդանյանն այցելեց նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հանդիպեց Ախալցխայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, տեղեկացավ նրանց հուզող խնդիրներին և աջակցելու պատրաստականություն հայտնեց՝ կարևորելով մայր-հայրենիք և հայկական համայնքներ փոխկապվածությունը: Հանդիպման ընթացքում դեսպանը ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիր փոխանցեց Ախալցխայի հայկական երիտասարդական կենտրոնի համակարգող, «akhaltskha.net» կայքի գլխավոր խմբագիր Էդուարդ Այվազյանին:

Այնուհետև պատվիրակությունը ուղևորվեց Ախալքալաք, որտեղ նրանց դիմավորեց շրջանային ղեկավարությունը՝ տեղի վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանի, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի և Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ: Նրանց և շրջանի առանձին ոլորտների ղեկվարների հետ հանդիպմանը դեսպանին ներկայացվեցին վերջին տարիների ընթաքում շրջանում կատարված աշխատանքները և նախատեսվող ծրագրերը, որից հետո շրջանային ժողովի դահլիճում տեղի ունեցավ ընդլայված կազմով հանդիպում՝ շրջանային ժողովի պատգամավորների, գյուղապետերի, տեղի համայնքային կառույցների, դպրոցների տնօրենների և համայնքի այլ ներկայացուցիչների հետ:

Այցելության հաջորդ վայրը Նինոծմինդան էր, որտեղ դեսպանը հանդիպում ունեցավ շրջանի վարչության նախագահ Գագիկ Ղարսլյանի և Նինոծմինդայի շրջանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի հետ, ովքեր դեսպանին ներկայացրին սոցիալական-քաղաքական իրավիճակը շրջանում, ինչպես նաև հայ բնակչությանը հուզող հրատապ հարցերը: Շրջանային ղեկավարության ուղեկցությամբ դեսպանն այցելեց Նինոծմինդայի Ռաֆայել Ղարսլյանի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոն, ուր կայացավ հանդիպում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Դեսպան Վարդանյանն իր խոսքում կարևորեց համայնքային կյանքում մշակութային, կրթական և սպորտային ակտիվությունը և կոչ արեց շարունակական գործունեություն իրականացնել նշված ուղղություններով, նաև անդրադարձավ համայնքային կյանքում Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարությանը, հոգևոր կերտվածքի և ազգային ինքնագիտակցության պահպանության կարևորությանը:

Նինոծմինդա կատարած այցի ավարտին դեսպանը հարգանքի տուրք մատուցեց Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերին՝ այցելելով նրանց հիշատակին նվիրված հուշակոթող: 

Տպել էջը