Հոգեհանգստի Սուրբ պատարագ Քուվեյթում

28 նոյեմբերի, 2014

Նոյեմբերի 28-ին Քուվեյթի Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստի Սուրբ պատարագ` ի հիշատակ նոյեմբերի 12-ին Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խոցված ուղղաթիռի օդաչուների` Քուվեյթի և Արաբական Ծոցի երկրների թեմի Կաթողիկոսական փոխանորդ, Գերապայծառ Տեր Մասիս Ծայրագույն Վարդապետ Զոփույանի նախագահությամբ:

Պատարագի ընթացքում Գերպայծառ Հայր Սուրբը ներկաներին փոխանցեց նահատակման սուրբ խորհուրդն ու աղոթք բարձրացրեց առ Աստված` նահատակված հոգիների և Հայաստանի ու Արցախի խաղաղության համար:

Պատարագի ավարտին ելույթ ունենալով Առաջնորդարանի «Արարատ» սրահում` Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը խոսեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների մասին, կարևորեց Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդումն ու հետագա սերտ համագործակցությունը` շեշտելով Հայոց բանակի ծանրակշիռ դերն ու հսկայական ներդրումը անվտանգության ամրապնդման և խաղաղության պահպանման գործում:

Իր հերթին Գերպայծառ Հայր Սուրբը քուվեյթահայ համայնքի անունից խորին ցավակցություններ փոխանցեց Հայաստանի իշխանություններին և զոհվածների ընտանիքներին` միաժամանակ հայտնելով, որ քուվեյթահայությունը պատրաստ է զորավիգ կանգնել Հայրենիքին և բոլոր միջոցներով նպաստել նրա բարգավաճմանն ու առաջադիմությանը:

Տպել էջը