Դեսպան Եսայանի աշխատանքային այցը ՌԴ Վլադիմիրի մարզ
19 նոյեմբերի, 2014Նոյեմբերի 19-ին ՌԴ Վլադիմիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպում ունեցավ Վլադիմիրի մարզի նահանգապետ Սվետլանա Օրլովայի հետ:
Դեսպանը Եսայանը, անդրադառնալով ՀՀ և ՌԴ մարզերի միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման կարևորությանը, խոսեց Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության ներկայիս մակարդակի և հեռանկարների մասին` ներկայացնելով Հայաստանի տնտեսական ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները:
Սվետլանա Օրլովան իր հերթին նշեց, որ երկու պետությունների միջև հաստատված ռազմավարական դաշնակցային հարաբերությունները նպաստավոր միջավայր են ստեղծում միջտարածաշրջանային մակարդակում տնտեսական համագործակցության առավել ընդլայնման համար: Վլադիմիրի մարզի նահանգապետն իր խոսքում ներկայացրեց նաև մարզի տնտեսական և արտադրական հնարավորություններն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը:
Քննարկվեց տնտեսական համագործակցության բնագավառում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին ՀՀ մարզերի և ՌԴ Վլադիմիրի մարզի միջև առևտրային հարաբերությունների առավել ընդլայնման, համատեղ տնտեսական նախաձեռնությունների, փորձի փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունները շինարարության, մեքենաշինության, տրանսպորտի շահագործման, ծառայությունների մատուցման և զբոսաշրջության բանագավառներում:
Հանդիպման ավարտին դեսպան Եսայանը մասնակցեց մարզպետարանի շենքում կազմակերպված «Վլադիմիրի մարզի արտադրական ներուժը» խորագրով ցուցահանդեսին և ծանոթացավ մարզի տնտեսական ոլորտի նվաճումներին:
Նույն օրը կայացավ նաև դեսպան Եսայանի հանդիպումը տեղի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների և հայազգի գործարարների հետ: Ելույթ ունենալով ներկաների առջև` դեսպանն իր խոսքում անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ԼՂ հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՌԴ-ում նախատեսվող նախաձեռնություններին, ՀՀ և ՌԴ միջպետական հարաբերությունների զարգացման ներկայիս փուլին, ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությանը և այլ հարցերի: Հանդիպման ավարտին դեսպան Եսայանը պատասխանեց բազմաթիվ ներկաների հարցերին:
Տեղեկանք: ՀՀ-ն ՌԴ Վլադիմիրի մարզի հետ առևտրատնտեսական բնագավառում ակտիվ համագործակցող ԱՊՀ հինգ հիմնական պետությունների շարքում է: ՀՀ և ՌԴ Վլադիմիրի մարզի միջև առևտրաշրջանառությունը, ինչպես Ռուսաստանի Դաշնության հետ ամբողջությամբ, ունի զարգացման դրական դինամիկա: