Դեսպան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Օլոմոուցի երկրամասի նահանգապետի հետ

19 նոյեմբերի, 2014

Նոյեմբերի 19-ին Չեխիայի Օլոմոուցի երկրամասի վարչական կենտրոնի նահանգապետ Յիրժի Ռոզբորժիլն ընդունեց Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանին:

Քննարկվեցին երկու պետությունների միջև միջտարածաշրջանային գործակցության ընդլայնման հարցերը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց գործակցային հարաբերություններ հաստատել Օլոմոուցի երկրամասի և Հայաստանի Լոռու մարզերի միջև: Այս նպատակով մոտ ապագայում կմեկնարկեն բանակցությունները համագործակցության հուշագրի նախագծի շուրջ:

Անդրադարձ կատարվեց երկու տարածաշրջանների միջև տնտեսական, մշակութային և գիտակրթական կապերի հեռանկարներին: Նահանգապետը մասնավորապես մեծ հետաքրքրություն ցուցաբերեց Հայաստանի ներդրումային ծրագրերի հանդեպ: Հանդիպմանը մասնակցեցին երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչները:

Տեղեկանք: Օլոմոուցի երկրամասը գտնվում է Չեխիայի արևելքում և սահմանակից է Լեհաստանին: Այն ունի 5267կմ² տարածք և շուրջ 640000 բնակիչ: Երկրամասի մայրաքաղաքն է Օլոմոուց քաղաքը: 

Տպել էջը