Դեսպան Գասպարյանն իր հավատարմագրերը հանձնեց Չեռնոգորիայի նախագահին

19 նոյեմբերի, 2014

Նոյեմբերի 19-ին Չեռնոգորիայում ՀՀ նորանշանակ դեսպան Համլետ Գասպարյանը (նստավայրը` Բուխարեստ) Չետինյեի նախագահական պալատում իր հավատարմագրերը հանձնեց Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչին:

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո նախագահ Վույանովիչը և դեսպան Գասպարյանն առանձնազրույց ունեցան, որի ընթացքում շոշափվեցին երկու երկրների միջև կապերի զարգացման համար իրավապայմանագրային բազայի ստեղծման, բարձր մակարդակով քաղաքական երկխոսության շարունակման և երկկողմ հարաբերությունների առաջնահերթությունների որոշման հարցեր:

Նախագահ Վույանովիչը կարևորեց հատկապես տնտեսական համագործակցության զարգացումը և այդ ուղղությամբ ջանքերի համատեղումը` գոհունակություն հայտնելով անցյալ տարի ամռանը Չեռնոգորիայում կազմակերպված համատեղ գործարար համաժողովի կապակցությամբ:

Հաջողություն մաղթելով դեսպանին նոր առաքելության մեջ` նախագահ Վույանովիչը խնդրեց իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի նախագահին:

Չեռնոգորիա կատարած այցի շրջանակներում դեսպան Գասպարյանը հանդիպեց նաև Չեռնոգորիայի հայ համայնքի ներկայացուցիչներին: 

Տպել էջը