ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց ԵԱՀԿ Բեռլինյան հռչակագրի տասնամյակին նվիրված բարձրաստիճան հանդիպմանը
13 նոյեմբերի, 2014Նոյեմբերի 12-13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Բեռլինում մասնակցեց ԵԱՀԿ շվեյցարական նախագահության, Գերմանիայի արտգործնախարարության և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից Հակասեմականության վերաբերյալ ԵԱՀԿ Բեռլինյան հռչակագրի տասնամյակին նվիրված բարձրաստիճան հանդիպմանը:
Հանդիպմանը մասնակցում էին ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահը, Գերմանիայի, Սերբիայի, Սլովակիայի, Իտալիայի ԱԳ նախարարները, ԵԱՀԿ մի շարք մասնակից և գործընկեր երկրների ԱԳ փոխնախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:
Իր ելույթում նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ԵԱՀԿ այն հանձնառությունների կատարման վրա, որոնք ընդգծում են Հոլոքոստի և այլ ցեղասպանությունների մասին հիշողության պահպանման և կրթական համակարգում արտացոլելու անհրաժեշտությունը: Ցեղասպանության կանխարգելման անհրաժեշտության համատեքստում վկայակոչվեց Հոլոքոստի ծրագրման ժամանակ մոռացության մատված Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հիտլերի հայտնի արտահայտությունը:
Աշոտ Հովակիմյանը նաև հակադարձեց` հակասեմականության վերաբերյալ հանդիպումը հայատյացության քարոզչության ամբիոն վերածելու Ադրբեջանի պատվիրակի փորձերին: