Արցախի զարգացմանն ուղղված «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք Տորոնտոյում
26 հոկտեմբերի, 2014Հոկտեմբերի 26-ին Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան գալա-ճաշկերույթը: Երեկոյի գլխավոր բանախոսն էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:
Միջոցառմանը ելույթ ունեցավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը: Դիմելով ներկաներին՝ նա շնորհավորեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի հիմնադրման 22-րդ հոբելյանը, անդրադարձավ հիմնադրամի գործունեությանը Հայաստանում ու Արցախում՝ ընդգծելով Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում աշխարհասփյուռ հայության ներգրավման կարևորությունը: Դեսպան Եգանյանը հյուրերին ներկայացրեց նաև հայ-կանադական երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը:
Երեկոյի ընթացքում հավաքագրված ավելի քան կես միլիոն դոլարի նվիրատվությունները կուղղվեն Արցախի զարգացմանն ուղղված մի շարք կարևոր ծրագրերի իրագործմանը: