Միջազգային ցուցահանդես Կոպենհագենում

24 հոկտեմբերի, 2014

Հոկտեմբերի 24-ին Կոպենհագենի քաղաքապետարանում բացվեց միջազգային ցուցահանդես` նվիրված ազգային հերալդիկային և զինանշաններին, որը կազմակերպվել էր Կոպենհագենի քաղաքային Խորհրդի, Օտարերկրացիների մշակութային կոնֆեդերացիայի, Կոպենհագենում հավատարմագրված դեսպանությունների կողմից` Նորին Մեծություն Արքայազն-կոնսորտի հովանու ներքո:

Ցուցահանդեսին ելույթներ ունեցան Օտարերկրացիների մշակութային կոնֆեդերացիայի նախագահ Կայ Լարսենը, Կոպենհագենի քաղաքապետարանի երեխաների և երիտասարդության հարցերով քաղաքապետ Փիա Ալերսլևը և Դանիայում հավատարմագրված դուայենը` Բուրկինա Ֆասոյի դեսպան Մոնիք Իլբուդոն:

Կոպենհագենի Օտարերկրացիների մշակութային կոնֆեդերացիայի կողմից կազմակերպած միջազգային ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել և ցույց տալ, թե ինչպես է օգտագործվում հերալդիկան մեր օրերում աշխարհի տարբեր երկրներում:

Ցուցահանդեսին 25 տարբեր երկրների դեսպանություների մասնակցությունը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու այդ երկրների ազգային, պետական, ազնվական ընտանիքների, արդյունաբերական, առևտրական, սպորտային, մշակութային ընկերությունների անցյալի և ներկայիս զինանշաններին, որոնք շատ կարևոր են յուրաքանչյուր երկրի պատմության համար:

Դանիայում ՀՀ դեսպանությունը ևս ներկայացված էր այս ցուցահանդեսում, որի վահանակը ձևավորված էր, և հերալդիկայի նմուշները ներկայացված էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի կողմից:

Ցուցադրված հայկական հերալդիկ նմուշները ցույց են տալիս մեր երկրի հարուստ և յուրահատուկ պատմությունը` սկսած մ.թ.ա. III հազարամյակից մինչև ՀՀ ներկայիս զինանշանները:

Հերալդիկային նվիրված միջազգային ցուցահանդեսը բազմաթիվ այցելուներ ունեցավ, իսկ ցուցադրությունը Կոպենհագենում շարունակվելու է մինչև նոյեմբերի 6-ը: 

Տպել էջը