«Հայաստանի հանրային դիվանագիտության հեռանկարները» թեմայով սեմինար-քննարկում
16 հոկտեմբերի, 2014Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը կազմակերպել էր «Հայաստանի հանրային դիվանագիտության հեռանկարները» թեմայով սեմինար-քննարկում: Սեմինարի սկզբին ողջույնի խոսքով հանդես եկան Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:
Սեմինարի բանախոսներն էին Մալթայում և Ժնևում “DiploFoundation”-ի հանրային դիվանագիտության դասախոս, Միացյալ Թագավորության նախկին դիվանագետ Էլիզաբեթ Գալվեզը, Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի, Ինսբրուքի Մենեջմենթի կենտրոնի դասախոս, հաղորդակցության հմտությունների գծով անկախ խորհրդատու և Ավստրիայի նախկին դիվանագետ Գերլինդ Մանց-Քրիստը, ՀՀ ԱԳ նախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և “GK Brand Inc.” ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վազգեն Քալաջյանը:
Հանդիպման նպատակն էր փորձագիտական մակարդակով քննարկել հանրային դիվանագիտության` որպես դիվանագիտության առանցքային գործառույթներից մեկի դերը, դրսևորման և զարգացման ներկա միտումները և այլ երկրների փորձի լույսով անդրադառնալ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող համապատասխան ռազմավարությանն ու կիրառվող մեթոդներին, ըստ անհրաժեշտության նաև ներկայացնել Հայաստանի ազգային բրենդի ստեղծման նոր առաջարկներ և գաղափարներ: Բանախոսների ելույթներին հաջորդեցին հարցեր, ելույթներ մասնակիցների կողմից, ծավալվեց քննարկում:
Հանդիպմանը, որ կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության աջակցությամբ, մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև ՀՀ այլ գերատեսչությունների արտաքին կապերի վարչությունների ղեկավարներ և աշխատակիցներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների, վերլուծական կենտրոնների, հասարակակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ: