Մշակութային միջոցառում Փարիզում
08 հոկտեմբերի, 2014Հոկտեմբերի 8-ին Փարիզի միջազգային համալսարանական ոստանում տեղի ունեցավ «Ֆրանկոֆոնիայի աշնանային տոնը» խորագրով միջոցառում, որը կազմակերպել էր Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների խումբը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանի նախագահությամբ:
Մշակութային այս իրադարձության ծրագիրն ընդգրկում էր համերգներ, գրական հանդիպումներ, ցուցահանդեսներ, որոնք ներկայացրին ֆրանկոֆոն մշակույթի բազմազանությունը և հարստությունը:
Միջոցառման շրջանակներում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցչության, Հայ ուսանողների տան օժանդակությամբ Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի դասախոս Գրիգոր Բելեդյանը գիտաժողով անցկացրեց ֆրանսախոս հայ գրող Շահան Շահնուրի (Արմեն Լյուբենի) վերաբերյալ: Հայ երաժշտության դասականների գործեր կատարեցին ջութակահար Դավիթ Հարությունյանը և դաշնակահար Վահան Մարտիրոսյանը:
Ֆրանսիայում Մոնակոյի դեսպանությունը ներկայացրեց մոնակացի արվեստագետի` «Հայաստանում կատարած ճամփորդության նոթատետրեր» խորագրով ցուցահանդեսը:
Երեկոյան բազմաթիվ բարձրաստիճան անձանց ներկայությամբ տեղի ունեցավ համերգ, որի ժամանակ ներկաներին բացման խոսք ուղղեցին դեսպան Տեր Ստեփանյանը և Փարիզի միջազգային համալսարանական ոստանի տնօրեն Մարսել Պոշարը: