ՀՀ գյուղատնտեսության նախարարի հանդիպումը ՌԴ իր գործընկերոջ հետ

07 հոկտեմբերի, 2014

Հոկտեմբերի 7-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Մոսկվայում հանդիպում ունեցավ ՌԴ գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի հետ: Հանդիպմանը Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցում էր նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը:

Անդրադառնալով ՀՀ-ից ՌԴ գյուղատնտեսական և պարենային ապրանքների ներմուծման դինամիկային` ՌԴ գյուղատնտեսության նախարարը նշեց, որ այն ունի կայուն աճի միտում, ինչը վկայում է այն մասին, որ ռուսական սպառողը բարձր է գնահատում այդ ապրանքների որակը: Մասնավորապես, ըստ նախարարի, 2013թ. նշված ապրանքների ներմուծման ծավալները 2012թ. համեմատ աճել են շուրջ 12%-ով, իսկ այս տարվա ցուցանիշն ունի պահպանվելու և աճելու իրատեսական միտում:

Այս համատեքստում Նիկոլայ Ֆյոդորովը տեղեկացրեց նաև, որ ևս երեք հայկական ձկնարդյունաբերական ձեռնարկություններ արտոնագրվել են «Россельхознадзор»-ի կողմից` ներմուծումներ իրականացնելու համար:

Իր հերթին ՀՀ գյուղատնտեսության նախարարն, ընդգծելով երկկողմ հարաբերություններում արձանագրված լուրջ առաջընթացը, կարևորեց հայ գործարարների մասնակցությունը ս/թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Մոսկվայի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գյուղատնտեսական տոնավաճառին և «Ոսկե աշուն 2014» 16-րդ միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին, որին մասնակցում են հայկական 15 ընկերություն:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ապրանքների արտահանման ոլորտում մի շարք այլ հարցերի: Կողմերը մտքեր փոխանակեցին նաև Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ նախատեսվող անդամակցության լույսի ներքո անհրաժեշտ գերատեսչական փաստաթղթերի համապատասխանեցման, ՌԴ-ում թողարկվող գյուղատնտեսական տեխնիկայի` արտոնյալ պայմաններով ՀՀ ներկրմանն առնչվող հարցերի վերաբերյալ:

Տպել էջը