Մշակութային միջոցառում Կանադայում

03 հոկտեմբերի, 2014

Հոկտեմբերի 3-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հայտնի սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանի մենահամերգը` դաշնակահարուհի Լոլիտա Պողոսյանի նվագակցությամբ։

Հայրապետ Առաքելյանը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է և համերգային ծրագրերով է հանդես եկել համաշխարհային հռչակ ունեցող Բոստոնի սիմֆոնիկ, Վիեննայի ռադիո սիմֆոնիկ, Ռուսաստանի պետական կամերային և մի շարք այլ նվագախմբերի հետ:

Համերգից առաջ բացման խոսքով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով կարևորեց տաղանդաշատ հայ երիտասարդներին արտասահմանյան հանդիսատեսին ներկայացնելը, ընդգծեց հարուստ հայկական մշակույթի ներկայացման հրամայականը:

Հնչեցին ֆրանսիական, գերմանական, արգենտինական և հայկական երգահանների մի շարք ստեղծագործություններ: Համերգին ներկա էին դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հայրապետ Առաքելյանը համերգներով հանդես եկավ նաև կանադական Տորոնտո և Մոնրեալ քաղաքներում: 

Տպել էջը