Դեսպան Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց Եվրոպական Խորհրդի Նախագահին

02 հոկտեմբերի, 2014

Հոկտեմբերի 2-ին Եվրոպական Միությունում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց Եվրոպական Խորհրդի Նախագահ Հերման Վան Ռոմպույին:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդեց դեսպան Մարգարյանի և Հերման Վան Ռոմպույի միջև կայացած առանձնազրույցը, որի ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Շնորհավորելով ՀՀ դեսպանին` Եվրոպական Խորհրդի նախագահը հույս հայտնեց, որ դեսպան Մարգարյանը լավագույնս կնպաստի ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

Վան Ռոմպույը, անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների անցած ճանապարհին, կարևորեց համագործակցության և երկխոսության ոգով դրանց հետագա զարգացումը:

Դեսպան Մարգարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ պատրաստակամ է ջանքեր գործադրել Հայաստան-ԵՄ հարաբերությունների շարունակական ամրապնդման ուղղությամբ: Եվրոպական խորհրդի նախագահի խնդրանքով դեսպան Մարգարյանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցի կարգավորման վերջին զարգացումները, հայ-թուրքական հարաբերություններում և տարածաշրջանում առկա իրավիճակը: 

Տպել էջը