Դեսպան Տեր-Ստեփանյանի նախագահությամբ ֆրանկոֆոն դեսպանների խումբն այցելեց Լիմոժ քաղաք
26 սեպտեմբերի, 2014Սեպտեմբերի 25-26-ը Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների խումբը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի նախագահությամբ «Ֆրանկոֆոնիայի տոնը Լիմուզանում» փառատոնի շրջանակներում գործուղում կատարեց Լիմոժ քաղաք:
Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահի հետ մեկտեղ գործուղմանը մասնակցեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում Բուլղարիայի, Փղոսկրե Ափի, Հայիթիի, Մոնակոյի, Սենեգալի, Սերբիայի դեսպանները, ինչպես նաև Փարիզում Քվեբեկի Գլխավոր պատվիրակը և Վալոնիայի ու Բրյուսելի Դաշնության պատվիրակը:
Խումբը հանդիպում ունեցավ Լիմուզանի շրջանի ղեկավար Ժան-Պոլ Դնանոյի, Լիմոժի քաղաքապետ Էմիլ Ռոժե Լոմբերտիի, Գլխավոր խորհրդի փոխնախագահ Անիկ Մորիզիոյի, Լիմոժի համալսարանի ռեկտոր Էլեն Պոլիայի և Առևտրի և արդյունաբերության պալատի ղեկավար Ժան Պիեր Լիմուզանի հետ:
Ֆրանկոֆոն դեսպաններն իրենց աջակցությունը հայտնեցին Լիմուզանի շրջանում ֆրանկոֆոնիայի, վերջինիս արժեքների և բազմազանության խթանման օգտին տարվող գործողություններին:
Քննարկվեցին Հայաստանի և Լիմուզանի շրջանի միջև համագործակցության հեռանկարները՝ ապակենտրոնացված, համալսարանական և մշակութային համագործակցության բնագավառներում:
Գործուղման ընթացքում խմբի նախագահ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հարցազրույցներ տվեց շրջանային հեռուստատեսությանը, Ֆրանսիայի միջազգային ռադիոյին և «Le Populaire du Centre» օրաթերթին: