Միջոցառում Վիեննայում` Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի շրջանակներում

25 սեպտեմբերի, 2014

Սեպտեմբերի 25-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ «Եղելություններ և պատմություններ» խորագրով միջոցառում` Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի շրջանակներում:

Միջոցառումը կազմակերպել էին Վիեննայում ՀՀ դեսպանությունը, միջմշակութային համագործակցության խթանման հարցերով զբաղվող Ավստրիայի վարչապետարանի կազմում գործող «Kultur Kontakt Austria» գործակալությունը, Ավստրիայի արդյունաբերական պալատը, Ավստրո-ռումինական ընկերությունը` համագործակցելով ավստրիական «Paul Zsolnay» հրատարակչության և «Orlando» գրախանութի հետ:

Միջոցառմանը ներկաների առջև ողջույնի խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը:

Ցուցադրվեց ռումինացի երիտասարդ արվեստագետ Դանիել Ջամոյի Սողոմոն Թեհլերյանին նվիրված 8 րոպեանոց շարժանկարը: Ընթերցվեցին հատվածներ ռումինահայ գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի գերմաներեն երկրորդ տպագրությամբ ընթերցողին ներկայացվող «Շշուկների մատյանը» գրքից՝ ռումիներեն, հայերեն և գերմաներեն լեզուներով:

Այնուհետև տեղի ունեցավ արվեստում և գրականության մեջ Հայոց ցեղասպանության թեմային նվիրված քննարկում՝ Դանիել Ջամոյի, Վարուժան Ոսկանյանի և Զալցբուրգի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Ժասմին Դում Թրագուտի մասնակցությամբ:

Միջոցառման վերջում տեղի ունեցավ ընդունելություն: 

Տպել էջը