ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Ուկրաինայում

23 սեպտեմբերի, 2014

Սեպտեմբերի 23–ին Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը Ուկրաինայի կառավարության ընդունելությունների տանը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն` ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ընդունելությանը ներկա էին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի, կառավարության ներկայացուցիչներ, Ուկրաինայում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիրներ, Գերագույն Ռադայի պատգամավորներ, գիտության, մշակույթի գործիչներ, ԶԼՄ–ների, հայ համայնքի և այլ բնագավառների ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին` Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը նշեց, որ չնայած բազմաթիվ դժվարություններին, խնդիրներին, մարտահրավերներին, մեզ պարտադրված պատերազմին, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակմանը` հայ ժողովուրդը, շնորհիվ իր տոկունության, հավատի, կամքի, միասնականության և համախմբվածության, կարողացավ հաղթահարել դժվարին խնդիրները և այսօր վստահությամբ կերտում է իր ապագան:

ՀՀ դեսպանը նշեց, որ հայ–ուկրաինական կապերը խարսխված են Ուկրաինայում հայերի դարավոր ներկայության վրա` ընդգծելով, որ երկու ժողովուրդների բարեկամությունը ունի հազարամյա պատմություն, և այդ ողջ ժամանակաընթացքում մեր հայրենակիցները Ուկրաինայի հյուրընկալ հողում իրենց ակտիվ մասնակցությունն են բերել երկրի զարգացման գործում:

Նա գոհունակությամբ նշեց, որ ներկայիս շուրջ հինգ հարյուր հազարանոց հայ համայնքը, պահպանելով նախնիների պատմական ավանդույթները, ակտիվորեն մասնակցում է Ուկրաինայի պետականության զարգացմանն ու ամրապնդմանը` պահպանելով ազգային ինքնությունը:

Դեսպանն անդրադարձավ հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառնեռրին: Խոսելով մշակույթի ոլորտում ծավալվող դարավոր բարեկամության մասին` դեսպան Մանուկյանը կարևորեց Ուկրաինայի մեծ զավակ Տարաս Շևչենկոյի ծննդյան 200-ամյակի շրջանակներում Ուկրաինայում հայ համայնքի և ՀՀ դեսպանության կազմակերպած, ինչես նաև այդ առիթով Հայաստանում կազմակերպված տարբեր միջոցառումները, այդ թվում` Երևանում տեղադրված նրա հուշարձանը: 

Իր ելույթում ՀՀ դեսպանը հույս հայտնեց նաև, որ Ուկրաինան կհաղթահարի ներկայիս դժվարությունները և կկառուցի իր ժողովրդի երազներին և պատկերացումներին համապատասխան ապագա:

Ընդունելությանը համերգային ծրագրով հանդես եկավ «Կիև կլասիկ» սիմֆոնիկ նվագախումբը:  

Տպել էջը