ԱԷՄԳ գլխավոր գիտաժողով Վիեննայում
22 սեպտեմբերի, 2014Սեպտեմբերի 22-ին Վիեննայում իր աշխատանքերը սկսեց ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր գիտաժողովի 58-րդ նստաշրջանը:
Գիտաժողովին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը` ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՀՀ Կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վանիկ Ներսեսյանը, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը, ինչպես նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Սեպտեմբերի 23-ին Գլխավոր գիտաժողովում ելույթով հանդես եկավ ՀՀ պատվիրակության ղեկավար Արեգ Գալստյանը: Նախարարի տեղակալն անդրադարձավ ԱԷՄԳ հետ ՀՀ երկարատև և արդյունավետ համագործակցության տարբեր ոլորտներին, մասնավորապես ՀԱԷԿ գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացմանը և այդ ուղությամբ իրականացվող միջոցառումներին, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման, ԱԷՄԳ հետ համատեղ իրականացվող ծրագրերին:
Գլխավոր գիտաժողովի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը մասնակցեց Ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգությանը նվիրված գիտական ֆորումին, ինչպես նաև հանդիպումներ ունեցավ այլ երկրների պատվիրակությունների հետ: