Ամենամյա մշակութային փառատոն Դումբրավենում
26 հուլիսի, 2014Հուլիսի 25-26-ին Ռումինիայի Դումբրավեն քաղաքում կազմակերպվել էր մշակութային ամենամյա փառատոնը: Դումբրավենի քաղաքապետարանը և Ռումինիայի Հայոց Միության Դումբրավենի մասնաճյուղը տեղի արվեստասերների աջակցությամբ Տրանսիլվանիայի հայաշատ այդ քաղաքում համախմբել էին նշանավոր արվեստագետների և մտավորականների:
Փառատոնը բացվեց Ապաֆի ամրոցում` Տրանսիլվանիայի Հայոց թանգարանում` նկարիչ Միհայ Նեկիտա Բուկուլեցի ցուցահանդեսով, ուր ողջույնի և գնահատանքի խոսքերով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն, բանաստեղծ ու խմբագիր Նիկոլաե Բաչուցը և կազմակերպիչներից դոկտոր Վասիլե Հաբորը:
Հաջորդ օրը դասախոսություններով հանդես եկան Բուխարեստի Արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, նշանավոր նկարիչ և գրող Գեորգե Անգելը և ակադեմիկոս, մշակույթի նախկին նախարար Ռազվան Թեոդորեսկուն: Վերջինս, խոսելով միջնադարյան Դումբրավենի մասին, նշեց այն կարևոր դերը, որ հայերը խաղացել են ողջ Տրանսիլվանիայի պատմության մեջ:
Իր հերթին դեսպան Գասպարյանը, խոսելով ռումինական կյանքի մեջ հայերի դերի և հետքի մասին, վստահություն հայտնեց, որ այս տարվա սկզբին Կլուժի Բաբեշ-Բոյայ համալսարանում բացված Հայագիտության ինստիտուտը կնպաստի հայկական ժառանգության վերհանմանը և ծանոթացմանը: Իր խոսքում դեսպանը մասնավորապես նշեց. «Կարծում եմ, որ այն կօգնի շատերին, հատկապես երիտասարդներին` վերագտնելու և վերահաստատելու իրենց ինքնությունը, նույնիսկ մեզ` Հայաստանում ապրող հայերիս` մեր ազգային ինքնությունը լրացնելու պակասող բեկորներով, որոնք ցրված են աշխարհով մեկ»:
Երեկոյան Սուրբ Եղիսաբեթ տաճարում հնչեց դասական երաժշտություն նշանավոր ջութակահար, միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր Ալեքսանդրու Տոմեսկուի կատարմամբ, Ադ Լիբիտում քառյակի կազմում: Փառատոնը փակեց Գեռլայի հայկական պարախումբը:
Փառատոնի շրջանակներում դեսպան Գասպարյանը ապակենտրոնացված մակարդակով կապերը աշխուժացնելու շուրջ խորհրդակցություններ ունեցավ քաղաքապետ Ջորջետա Իրիմիեի և սենատոր Վիորել Արկաշի հետ:
Տեղեկանք
Դումբրավենը համարվում է Տրանսիլվանիայի «հայկական քաղաքներից» մեկը, ուր հայերը հաստատվել են 17-րդ դարի վերջում և մեծապես նպաստել քաղաքի զարգացմանը: Այսօր դեռևս կանգուն են ժամանակին հայերի կառուցած եկեղեցիները, դպրոցները, վարչական և թաղային շենքերը: Քաղաքում դեռևս արթուն է հայկական ոգին: Երեք տարի առաջ այստեղ բացվեց Տրանսիլվանիայի Հայոց թանգարանը, գործում է «Սուրբ Եղիսաբեթ հայոց միությունը», որի ղեկավարն է անխոնջ Իոն Կալինեսկուն: Ամեն տարի օգոստոսի կեսերին Դումբրավենի Սուրբ Եղիսաբեթ հայ կաթոլիկ տաճարում հայկական ծեսով նշվում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը, որը հավաքում է ռումինաբնակ հայերին:
Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ 2012թ. հոկտեմբերին բարեկամության համաձայնագիր է ստորագրվել Դումբրավենի և Նոյեմբերյանի միջև: